Մատչելի հղումներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Նյու-Յորքում ներգրավված թուրք քաղաքացիների դատավարությունը «քաղաքական հեղաշրջման փորձ է»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում թուրքական Halkbank բանկի փոխտնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի դատական գործընթացը որպես «ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Կենտրոնական հետախուզական վարչության հերթական դավադարություն» է որակել:

«Նրանք, ովքեր չկարողացան ռազմական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում, այժմ դիմում են այլ քայլերի», - հայտարարել է Էրդողանը՝ ուղղակիորեն մեղադրելով ԱՄՆ-ին 2016 թվականի հուլիս 15-ի հեղաշրջման փորձի մեջ:

Անկարան մեղադրում է նաև Վաշինգտոնին ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու մեջ: ԱՄՆ-ը, սակայն, չի ընդունում այս մեղադրանքները:

ՆԱՏՕ-ի դաշնակիցների երկկողմ հարաբերությունները փակուղի էին մտել Թուրքիայի ձախողված հեղաշրջման փորձից հետո և ավելի լարվել Իրանի կողմից ԱՄՆ-ի դեմ կիրառված պատժամիջոցների խախտումների մեջ մեղադրվող՝Նյու Յորքում թուրքական Հալքբանկի գործադիր տնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի դատավարությունից հետո:

Global Source Partners ընկերության վերլուծաբան Աթիլա Էսիլադան Նյու Յորքում ընթացող դատավարության հետևանքները լուրջ և վտանգավոր է որակել' ավելացնելով, որ առաջիկայում չի բացառվում նաև Վաշինգտոնի կողմից Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կիրառումը: Նշենք, որ ամսական կտրվածքով Թուրքիայի ֆինանսական պարտավորությունը կազմում է շուրջ 16 միլիարդ դոլար:

Էրդողանը երեկ սպառնացել է նաև Սիրայի քրդական ուժերին, մասնավորապես՝ Դաեշի-դեմ պայքարում ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը համարվող Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը», որակելով նրանց ահաբեկչական կազմակերպություն, որը «պատասխանատու է Թուրքիայի շարունակակական քաղաքական խժդժությունների մեջ»:

ԱՄՆ-ի հետ վատթարացող հարաբերությունների համատեքստում, Թուրքիան ներկայումս փորձում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Էրդողանը անցյալ շաբաթ նաև մեկնել էր Փարիզ, որից հետո Թուրքիայի գրեթե բոլոր իշխանամետ լրատվամիջոցներով սկսեցին հաղորդել, որ Ֆրանսիան Թուրքիայի համար առավել հուսալի դաշնակից է, քան՝ Միացյալ Նահանգները:

Հիշեցնենք, սակայն, որ թե՛ Փարիզը, և թե՛ Մոսկվան նույնպես աջակցում են Սիրիայի քրդական ուժերին: Այդ պատճառով բազմաթիվ վերլուծաբաններ Անկարայի սպառնալիքները վտանագավոր չեն համարում:

Միաժամանակ,որոշ փորձագետների կարծիքով, եթե Վաշինգտոնի հետ հարաբերություններում առկա վատթարացումը շարունակվի, Անկարայի կողմից նոր դաշնակիցների որոնումը, ամենայն հավանականությամբ, ավելի կաճի:

XS
SM
MD
LG