Մատչելի հղումներ

Պանմունջոմի խաղաղ կարգավորման գործընթացը տալիս է որոշ արդյունքներ


Հարավային Կորեայի քաղաքացիները Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների մեկնարկը դիտարկում են որպես խաղաղության ազդանշան և լավ հնարավորություն՝ խուսափելու պատերազմից:

Բացի այդ, Սեուլում հույս ունեն, որ այս Օլիպմպիական խաղերի վերաբերյալ բանակցությունները կօգնեն հասնելու Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը:

Բանակցությունները ընթանում են Պանմունջոմ գյուղում, որը գտնվում է սահմանային ապառազմականացված գոտում: Մամուլի հաղորդմամբ կողմերը եկել են որոշ համաձայնության մի շարք հարցերում: Բանակցությունների առաջին օրից հետո կողմերը հրապարակել են միասնական հայտարարություն, ուր հաստատել են, որ կշարունակեն բանակցությունները ռազմական լարվածության նվազեցման ուղղությամբ: Փհենյանը համաձայնվել է ուղարկել իր պատվիրակությունը Օլիմպիական խաղերին, իսկ Սեուլը պարտավորվել է ապահովել պատվիրակության հյուրընկալումը: Կողմերը համաձայնվել են նաև ապահովել խաղաղություն այս շրջանում և շարունակել բանակցությունները մի շարք այլ վիճելի հարցերի շուրջ:

Հայտնի է, որ Հարավային Կորեան պատրաստակամություն է հայտնել այս ընթացքում ժամանակավորապես վերացնել պատժամիջոցները, ինչպես նաև Հյուսիսին առաջարկել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ քայլել միասնական պատվիրակությամբ, ինչպես տեղի էր ունեցել 2006 թվականի խաղերին: Փհենյանի արձագանքի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Ըստ պրոֆեսոր Կիմ Յոնգ Հյունի, Հյուսիսայն Կորեան այսպիսով փորձում է աշխարհին ցույց տալ, որ այն խնդրահարույց կողմ չէ:

«Մասնակցելով Օլիմպիական խաղերին՝ Հյուսիսային Կորեան ցանկանում է ցույց տալ աշխարհին, որ սովորական երկիր է, իսկ Կիմ Ջոն Ընը ՝ սովորական առաջնորդ»,- ասում է Դոնգուգ համալսարանի պրոֆեսոր Կիմ Յոնգ Հյունը:

Հիշեցնենք, որ Փհենյանն ու Վաշինգտոնը վերջին շրջանում հաճախ էին փոխանակում ռազմատենչ հայտարարություններ: Չինաստանն իր հերթին կոչ էր անում կողմերին վերադառնալ բանակցություններին: Երկուշաբթի օրը Հռոմի Պապը կոչ է արել արգելել միջուկային զենքը և հորդորել դիվանագետներին աջակցել Կորեական թերակղզու խաղաղության երկխոսությանը:

Նախագահ Թրամփն իր հերթին ողջունել է երկխոսությունը Կորեաների միջև, սակայն ընդգծել, որ չի հանդուրժի, որ Հյուսիսային Կորեան ունենա միջուկային զենք:

Վերլուծաբանները սակայն կասկած են հայտնում, որ Փհենյանը կդադարեցնի իր միջուկային ծրագիրը մոտ ապագայում:

Facebook Forum

XS
SM
MD
LG