Մատչելի հղումներ

2017 թվականը հայ-ամերիկյան հարաբերությունները նշանավորեց մի շարք զարգացումներով: Տարին սկսվեց ԱՄՆ-ում նոր վարչակազմի ձևավորմամբ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, ով մի շարք փոփոխություններ մտցրեց Միացյալ Նահանգների դիրքորոշումներում արտաքին քաղաքական մի շարք խնդիրների շուրջ:

Հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից նոր վարչակազմի ձևավորումը որևէ էական փոփոխություն չարձանագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ապրիլի 24-ին Սպիտակ տունը հանդես եկավ ավանդական հայտարարությամբ՝ նախորդ վարչակազմի օրինակով օգտագործելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը:

Ինչպես նախորդ տարիներին, 2017 թվականին ևս ամերիկահայ համայնքը շարունակեց ջանքեր գործադրել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Անցած տարվա ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչած ամերիկյան նահանգների թիվը հասավ 48-ի: Ամերիկյան կինոթատրոններում ցուցադրվեց Հայոց ցեղասպանության մասին ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հովանավորած «Խոստում» գեղարվեստական ֆիլմը:

«Ամերիկյան հասարակությունը գրեթե ամբողջապես դեմ է այս հանցագործության մերժողականությանը: Գործադիր իշխանության կիրառած վետոն միակ խոչընդոտն է, որը հուսանք, Սպիտակ տունը կհաղթահարի այս տարի, ինչպես նաև Կոնգրեսը կընդունի համապատասխան բանաձևեր Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում տարին չարձանագրեց շոշափելի առաջընթաց խաղաղ կարգավորման առումով: Իրադրությունը հայ-ադրբեջանական շփման գծում շարունակեց մնալ լարված: Փոխվեց ամերիկյան միջնորդական առաքելության ներկայացուցիչը: Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում ժամանակավորապես նշանակված Ռիչարդ Հոգլանդին փոխարինեց Էնդրյու Շոֆերը, ով ճանաչողական այցով եղավ տարածաշրջանում:

Տարին նշանավորվեց նաև հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի տարեդարձով: Հայաստանում և ԱՄՆ-ում դիվանագիտական ներկայացուցչությունները կազմակերպեցին միջոցառումներ՝ քառորդդարյա հարաբերությունների հաստատման կապակցությամբ:

Հիշարժան է նաև անցյալ տարի Վաշինգտոնում անցկացված՝՝Ի պաշտպանություն քրիստոնյաների՛՛ անվանումը կրող վեհաժողովի ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի ելույթներից մեկը, երբ նա օգտագործեց նաև «Հայաստանի լեռնաշխարհ» անվանումը:

«Սիրիայի սարերում, Լիբանանի հովիտներում, Նինվեի հարթավայրերում, Հայաստանի լեռնաշխարհում, Տիգրիսի եւ Եփրատի ափերից մինչեւ Նեղոսի դելտա մեր հավատքի հայրերն ու մայրերը Քրիստոնյա հավատքի սերմերն են տնկել»,- հայտարարել էր փոխնախագահ Փենսը:

Տարվա վերջում տեղի ունեցած հիշարժան քաղաքական իրադարձություններից էր Եվրամիության և Հայաստանի միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիրը:

«Պայմանագրի ստորագրումը միանշանակ դրական քայլ էր, սակայն այն ամբողջական չէ՝ համապարփակ և ընդլայնված առևտրային նախորդ պայմանագրի համեմատ»,- ասում են ամերիկացի վերլուծաբանները, որոնց թվում է Ջոն Հերբսթը:

Տարվա մեկ այլ կարևոր ձեռքբերումներից դարձավ հայոց լեզվի ուսուցման ընդգրկումն ԱՄՆ-ի պետական 25 դպրոցների ծրագրերում, իսկ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների տեսանկյունից անցած տարի տեղի ունեցավ Հայաստանի կառավարական պատվիրակության այցելությունը Կալիֆոռնիա նահանգ: Հիմքեր դրվեցին Հայաստանի ու Կալիֆոռնիայի միջև տնտեսական հետագա համագործակցության համար:

«Կալիֆոռնիան կարող է դառնալ այն գործընկերն ու դարպասը, որը մեզ կապահովի մեր մուտքը Միացյալ Նահանգների շուկա»,- ասում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG