Մատչելի հղումներ

Իր ամանորյա ուղերձում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընը կրկին սպառնացել է Միացյալ Նահանգներին:

«ԱՄՆ-ի ողջ տարածքը հասանելի է մեր միջուկային հրթիռների համար, և դրանք արձակելուկոճակը մշտապես իմ սեղանին է: Սա սպառնալիք չէ, այլ իրականություն»,- ասել է Կիմ Ջոն Ընը:

Դրա հետ մեկտեղ վերջինս ընդգծել է, որ պատրաստ է երկխոսության Հարավային Կորեայի հետ:

Իր ուղերձում Հյուսիսային Կորեայի ղեկավարը կոչ է արել նվազեցնել լարվածությունը Կորեական թերակղզում և բարելավել հարաբերությունները Սեուլի հետ: Նա նաև հավելել է, որ դիտարկում է Հարավային Կորեայում կայանալիք Ձմեռային Օլիմպիական խաղերին Փհենյանի պատվիրակությունն ուղարկելու հնարավորությունը:

Հարավային Կորեան ողջունել է Կիմ Ջոն Ընի հայտարարությունը: Նախագահի խոսնակ Փարք Սու Հյունը նշել է, որ Սեուլը շարունակում է ուսումնասիրել Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքը:

«Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը միշտ է Հյուսիսային Կորեայի հետ որեւէ վայրում ու որեւէ ժամանակ երկխոսելու պատրաստակամություն է հայտնել, եթե դա կօգնի վերականգնել միջկորեական հարաբերություններն ու խաղաղություն հաստատել Կորեական թերակղզում»,- արձագանքել է նախագահի խոսնակը:

Խոսնակը նաև հույս է հայտնել, որ երկու Կորեաները վերջապես կնստեն բանակցային սեղանի շուրջ և կբանակցեն՝ Կորեական թերակղզում խաղաղության հասնելու համար:

ԱՄՆ-ի նախագահի արձագանքն ի պատասխան Կիմ Ջոն Ընի խոսքերի շատ կարճ էր ու անորոշ:

Հիշեցնենք, որ իրավիճակը թերակղզում շարունակում է մնալ լարված՝ կապված Փհենյանի միջուկային ծրագրի հետ: Սեպտեմբերին Փհենյանը փորձարկեց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ և անցկացրեց իր վեցերորդ միջուկային փորձարկումը: Ի պատասխան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ սահմանեց Փհենյանի դեմ:

Facebook Forum

XS
SM
MD
LG