Մատչելի հղումներ

Իրանում շարունակվող ցույցերի զոհերի թիվը հասավ 12-ի


Իրանում անցած գիշերվա ընթացքում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ 1Օ մարդ է զոհվել։ Անցած հինգշաբթի օրվանից սկսված ցույցերի ընթացքում սպանվածների թիվն այսպիսով հասել է 12-ի։

Անցած մի քանի օրերի ընթացքում ավելի քան 4ՕՕ ցուցարար է ձերբակալվել, որոնց ուղիղ կեսը՝ Թեհրանում։​

Երկրի նախագահ Հասան Ռուհանին երկուշաբթի օրն արտասանած ելույթում ասել է, թե ՝՝կառավարությունը չի հանդուրժի անկարգությունները, որոնց ընթացքում ոչնչացվում է հանրային սեփականությունն ու՝ ոտնահարվում կարգ ու կանոնը՛՛։

Չնայած հանդարտություն հաստատելու կոչին, բողոքի ալիքն ընդդեմ իշխանությունների շարունակվում է։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառում 2ՕՕ9 թվականի բողոքի ալիքից հետո ամենամարդաշատ այս ցույցերը ցրելու նպատակով։

Իրանի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է, թե ցուցարարները փորձել են գրավել ոստիկանական որոշ կայաններ ու ռազմական բազաներ, որտեղ հանդիպել են ուժեղ դիմադրության։

Խիստ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի հեղափոխական գվարդիայի հրամանատարությունը՝ սպառնալով ՝՝երկաթե բռունցք՛՛ կիրառել, եթե քաղաքական անհանգստությունները շարունակվեն։

Իրանի հեղափոխական գվարդիան ամուր կապեր ունի հոգեւոր առաջնորդի հետ եւ պարտավորված է պաշտպանել երկրի իսլամական համակարգը։

Վերլուծաբաններից ոմանք կարծում են, որ այս անհանգստությունների պատճառը երկրում սոցիալական պայմանների անկումն է։ Նրանց խոսքերով, անցած 1Օ տարիների ընթացքում միջին իրանցին կորցրել է իր եկամտի 15 տոկոսը։

Ցուցարարներից ոմանք կոչ են անում այստեղ վերահաստատել միապետությունը։ Նախկին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, որը որպես վտարանդի բնակվում է Միացյալ Նահանգներում, հրապարակել է ցուցարարներին աջակցելու մասին հայտարարություն։

Ցուցարարների մասին գովեստի խոսքերով է հանդես եկել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Թվիթերում գրելով, թե Իրանի ժողովուրդն ի վերջո ըմբռնում է, որ իր ունեցվածքը ՝՝հափշտակվում է ու վատնվում ահաբեկիչներին օժանդակելու համար՛՛։

Իրանի նախագահ Ռուհանիի պատասխան խոսքում ասված է. ՝՝Այս ամերիկացի տղան, որը փորձում է հանդես գալ որպես Իրանի ժողովրդի բարեկամ, մոռացել է, որ միայն մի քանի ամիս առաջ էր Իրանի հենց այս նույն ժողովրդին անվանում ահաբեկիչներ՛՛։ Ռուհանին Թրամփին անվանում է Իրանի ժողովրդի թշնամի՝ ՝՝ոտքի մատներից մինչեւ գլուխը՛՛։

Իրանում վերջին այս ցույցերը սկսվեցին երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Մաշհադում, բողոքելով կրոնական վերնախավի դեմ, ում մեղադրում են երկրի տնտեսական դժվարությունների ու տարածված կոռուպցիայի մեջ։

Կառավարությունը քննարկումներ է անցկացնում հետագա պատասխան քայլերը որոշելու համար։ Ինչպես հաղորդում են տեղից, ցուցարարները կազմում են բնակչության փոքրամասնությունը։

Facebook Forum

XS
SM
MD
LG