Մատչելի հղումներ

Թուրքիայի ոստիկանությունը ուժեղացնում է վերահսկողությունն ամանորյա տոներին


«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Անկարայում Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Դաեշ-ի զինյալների:

Անկարայի դատախազությունը հրահանգել է կալանավորել 46 կասկածյալների: Այս պահին կալանավորվածների թիվը 29 է: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ ձերբակալման ընթացքում առգրավված նյութերն ապացուցում են, որ զինյալները պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել ամանորյա տոներին:

Անկարայում ոստիկանության գործողությանը մասնակցել է շուրջ 500 ոստիկան: Միևնույն ժամանակ Ստամբուլում ոստիկանությունը կալանավորել է 46 կասկածյալների, որոնց կասկածում է Դաեշ-ի անդամներ լինելու մեջ: Նրանցից 43-ն այլ երկրների քաղաքացիներ են: Նրանք ներգրավված են եղել ահաբեկիչների համար անօրինական ներմուծումներ կազմակերպելու գործում:

Ըստ ոստիկանության, Անկարայի և Ստամբուլի գործողությունների արդյունքում կալանավորվել է ընդհանուր առմամբ 75 կասկածյալ: Այս գործողությանը նախորդել է մեկ այլ ոստիկանական գործողություն, որի ժամանակ ձերբակալվել էր 120 մարդ:

Ոստիկանության ակտիվ գործողություններն այս առիթով կապված են ամանորյա տոնակատարությունների հետ: Իշխանությունները ստիպված են եղել չեղարկել մի շարք մարդաշատ միջոցառումներ՝ հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու համար: Բացի այդ, տեղաշարժման մի շարք սահմանափակումներ են մտցվել մայրաքաղաքում:

Հիշեցնենք, որ անցած տարվա ամանորյա տոնակատարությունների օրերին Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում տեղի էր ունեցել ահաբեկչական գործողություն, որին զոհ էր գնացել 39 մարդ:

Facebook Forum

XS
SM
MD
LG