Իսպանիայի Ֆելիպե 6-րդ թագավորը սուրբծննդյան իր ուղերձը հիմնականում ուղղել է Կատալոնիա երկրամասի անջատողական ձգտումներ ունեցող քաղաքական գործիչներին ու քաղաքացիներին՝ կոչ անելով հրաժարվել առճակատումից։
՝՝Չի կարելի ընտրել մի ուղի, որը տանում է դեպի առճակատում, ուղի, որը բացառում է մեկս մյուսին։ Այդ ամենը կարող է տանել դեպի անհամաձայնություն, անորոշություն եւ հուսահատություն՛՛, ասել է միապետն իր ուղերձում։
Ֆելիպե 6-րդը հորդորել է Կատալոնիայի ղեկավարներին հարգել երկրամասի բազմազանությունը, որը նրա խոսքերով ամենալավ էջերն է գրել Իսպանիայի պատմության գրքում։
Միապետն այս խոսքերով հանդես եկավ երեք օր այն բանից հետո, երբ Կատալոնիայի անկախական ձգտումներ ունեցող կուսակցությունները միասնաբար բացարձակ մեծամասնություն կազմեցին երկրամասի խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ պաշտոնից վտարված նախկին նախագահ Կարլես Պուջդեմոնի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ Իսպանիայի նախագահ Մարիանո Ռահոյը Կատալոնիայի նախկին խորհրդարանը ցրեց, երբ երկրամասի ղեկավարներն այստեղ հոկտեմբերին անցկացրին անկախության չարտոնված հանրաքվե։ Ռահոյը հույս ուներ, որ կատալոնացիներն արտահերթ ընտրություններում իրենց ձայնը կտային Իսպանիայի կազմում Կատալոնիան թողնելու կողմնակից ուժերին։
Ինչպես վերլուծաբաններն են ասում, դա կոռուպցիոն սկանդալների մեջ հայտնված Ռահոյի ամենամեծ սխալն էր ու ամենասխալ կանխատեսումը։
Կատալոնիայի անջատականները պնդում են, որ Իսպանիայի ամենահարուստ այս երկրամասն է հիմնականում ապահովում Իսպանիայի տնտեսական աճը, եւ Մադրիդից պահանջում են ավելի մեծ ինքնավարություն։
Նրանք, ովքեր ցանկանում են երկրամասը պահպանել Իսպանիայի կազմում, ունեն այն մտավախությունը, որ երկրամասն առանց կենտրոնական կառավարության, Եվրոպական միության հետ կապերի ու երկկողմ հարաբարերությունների, կարող է հայտնվել տնտեսական ծանր իրավիճակում։
Ֆելիպե 6-րդ արքան հայտարարել է, թե Իսպանիան ՝՝հասուն ժողովրդավարություն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պաշտպանել իր կարծիքն ու գաղափարները, սակայն չի կարող իր գաղափարները պարտադրել ուրիշների գաղափարների հաշվին՛՛։
Իսկ կատալոնացիներին հատկապես վրդովեցրել էին հանրաքվեի օրերին միապետի ՝՝միակողմանի՛՛ արտահայտությունները, Իսպանիայի կառավարության կողմից ցույցերի ժամանակ ուժի կիրառումը եւ անկախության հանրաքվեն կազմակերպած քաղաքական գործիչների ձերբակալությունները։
Facebook Forum