Մատչելի հղումներ

Տարվա ամփոփում. ամերիկյան վարչակազմի քաղաքականությունը ներգաղթի հարցում


2017 թվականն աչքի ընկավ ԱՄՆ-ում ներգաղթյալների և փախստականների հիմնախնդիրների վերաբերյալ հարցերի ակտիվ քննարկմամբ: Նոր վարչակազմը ձեռնամուխ եղավ ավելի կոշտ քաղաքականության կիրառմանն՝ անվտանգության կարիքներից ելնելով, որն իր ազդեցությունը թողեց բազմաթիվ ներգաղթյալների, այդ թվում՝ DACA ծրագրի մասնակիցների վրա:

Այս քաղաքականությունը մեծ բողոքի ալիք բարձրացրեց DACA ծրագրի մասնակիցների և նրանց աջակիցների շրջանում, հատկապես խոշոր քաղաքներում: Սեպտեմբերին նախագահ Թրամփը դադարեցրեց այս ծրագրի ֆինանսավորումը և պահանջեց Կոնգրեսից կարգավորել այս հարցը մինչև 2018 թվականի մարտ ամիսը: Այս պահին շուրջ 800 հազար այսպես կոչված դրիմերների, կամ ծրագրի մասնակիցների ապագան անորոշ է:

Ներգաղթյալների նկատմամբ կոշտ քաղաքականությունը դռսևորվեց նաև նախագահ Թրամփի ստորագրած կարգադրություններում, որոնք արգելում էին մի շարք երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ և զգալիորեն կրճատում երկրում ապաստան տրամադրվող փախստականների թիվը: Նախագահ Թրամփի որոշումներն արգելափակվեցին դատարանների կողմից:

Վարչակազմի ձեռնարկած հաջորդ կարևոր փոփոխությունները վերաբերում էին ընտանեկան կամ շղթայական ներգաղթի ձևին: Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Թրամփը կոչ է անում դադարեցնել ընտանեկան կապի հիման վրա ներգաղթի թույլտվության ձևը, որը, ըստ վարչակազմի, ավելի կմեծացնի երկրի անվտանգությունը: Հայտնի է, որ Նյու Յորքում վերջին ահաբեկչական գործողության հեղինակը ներգաղթել էր Բանգլադեշից հենց այս միջոցով:

Նախագահ Թրամփի խոստումներից մեկը վերաբերում էր նաև անօրինական ներգաղթի դեմ ավելի կոշտ պայքարին, սակայն այս տարվա թվերը ցույց են տալիս, որ երկրից վտարվել է 16 հազարով ավելի քիչ անօրինական ներգաղթյալ, քան 2016 թվականին:

Անցնող տարին աչքի ընկավ նաև ներգաղթյալների հարցում խոշոր քաղաքային իշխանությունների ու դաշնային միգրացիոն ծառայությունների միջև հակասություններով, քանի որ դաշնային մարմինները փորձում են վերացնել ներգաղթյալներին պաշտպանելու հարցում քաղաքային իշխանությունների լիազորությունները:

Խնդրին կրկին ներգրավվեցին դատական մարմինները, որոնք արգելեցին դաշնային իշխանություններին կրճատել ներգաղթյալների նկատմամբ դաշնային կառավարության խիստ օրենքներն արգելափակող այսպես կոչված «ապաստան քաղաքների» ֆինանսավորումը՝ որակելով վարչակազմի այդ սպառնալիքը հակասահմանադրական: Պայքարը դատարաններում այս և ներգաղթին առնչվող այլ խնդիրների շուրջ շարունակվում է:

Facebook Forum

XS
SM
MD
LG