Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս Հյուսիսային Կորեայի խնդիրը խաղաղ եղանակով լուծելու օգտին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե որեւէ մեկը չի ցանկանում տեսնել պատերազմ Կորեական թերակղզում, ու ավելացրել, թե հույս ունի, որ Միացյալ Նահանգները չի նախատեսում ռազմական որեւէ լուծում այս պայմաններում։

Իր հերթին, Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, թե բոլոր երկրները պիտի ցուցաբերեն զսպվածություն, եւ այս թերակղզում լարվածությունը մեղմելու նպատակով՝ ներդնեն կառուցողական ջանքեր։ Չինաստանի իշխանությունների կարծիքով, Հյուսիսի դեմ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները չպիտի ունենան այս երկրի ժողովրդի համար վնասաբեր ազդեցություն։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն կերպով ուրբաթ օրը հաստատեց այն բանաձեւը, որի համաձայն սահմանափակվում են Հյուսիսային Կորեայի կողմից բենզին եւ դիզելային վառելանյութ ներկրելու ծավալները։ Նաեւ խստացվում են այն նավերում անցկացվող զննումները, որոնք կարող են անօրինական կերպով Հյուսիսային Կորեա տեղափոխել արգելված ապրանքները։
Ըստ Անվտանգության խորհրդի կողմից ընդունված օրենքի, ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավորվում են երկու տարվա ընթացքում հետ ուղարկել իրենց երկրներում աշխատող բոլոր հյուսիսկորեացիներին։ Միացյալ Նահանգների հաշվարկով միայն Չինաստանում աշխատում է մոտ 8Օ հազար հյուսիսկորեացի։ Ռուսատանում նրանց թիվը կազմում է 3Օ հազար։

Անվտանգության խորհրդի որոշումը Հյուսիսային Կորեան անվանում է ՝՝պատերազմական գործողություն՛՛ եւ մի ամբողջ երկիր ՝՝տնտեսական շրջափակման՛՛ ենթարկելու քայլ։
՝՝Եթե ԱՄՆ-ը ցանկանում է ապրել անվտանգ, պիտի հրաժարվի թշնամական իր քաղաքականությունից եւ սովորի գոյակցել միջուկային զենք կրող այլ երկրի հետ՛՛, ասված է Հյուսիսային Կորեայի պետական մամլո ծառայությունների հաղորդագրություններում։ Նույն հայտարարությամբ Հյուսիսը սպառնում է, որ այն բոլոր երկրները, որոնք կպաշտպանեն ընդունած որոշումը, ՝՝բարձր գին կվճարեն՛՛ դրա դիմաց։

Միացյալ Նահանգները մերժել է միջուկային իր ծրագրերը սառեցնելու Հյուսիսային Կորեայի առաջարկը։ Փհենյանը հայտարարում է, որ կհրաժարվի իր ծրագրերից, եթե Կորեական թերակղզում ու նրա շուրջը Վաշինգտոնը դադարեցնի զորավարժությունները։

Facebook Forum

XS
SM
MD
LG