Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Երուսաղեմը չի ճանաչում որպես Իսրայելի մայրաքաղաք


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրը վճռական կերպով կողմ քվեարկեց այն որոշմանը, որը կոչ է անում ԱՄՆ-ին հրաժարվել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր քայլից։ Որոշման տեքստում ասված է, թե քաղաքի կարգավիճակի առնչությամբ որեւէ այլ որոշում հայտարարվում է ՝՝անվավեր՛՛։

Ոչ պարտադիր իրագործելի այս որոշմանը կողմ է քվեարկել 128 պետություն, 35 պետություն մնացել է ձեռնպահ, 9 պետություն՝ քվեարկել դեմ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր դադարեցնել այն երկրներին տրվող ֆինանսական հատկացումները, որոնք կողմ կքվեարկեին ՄԱԿ-ի բանաձեւին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին դեմ քվեարկած պետություններն են ԱՄՆ-ը, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալի կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն եւ Տոգոն։ Մեքսիկան ու Կանադան ձեռնպահ պետությունների շարքում են։

Կողմ քվեարկած պետությունների շարքում են Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ից բացի, մյուս բոլոր չորս պետությունները՝ Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան։

21 պետություն ընդհանրապես ներկա չի գտնվել քվեարկության ժամանակ։

Հիշեցնենք, որ Իսրայելը Երուսաղեմի արեւելյան հատվածը, որը պաղեստինցիները համարում են իրենց ապագա անկախ պետության մայրաքաղաք, գրավել է 1967 թվականի պատերազմի ժամանակ, եւ ամբողջ քաղաքը համարում է Իսրայելի մայրաքաղաք։ Մի բան, որը մինչ այժմ չէր ճանաչվել աշխարհի եւ ոչ մի պետության կողմից, եւ բոլոր երկրների դեսպանությունները մինչ օրս գտնվել են Թել Ավիվում։

Խնդիրն առաջ եկավ, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի սկզբին հանդես եկավ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությամբ ու հրահանգեց սկսել ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու աշխատանքներ։

Facebook Forum

XS
SM
MD
LG