Մատչելի հղումներ

Չնայած հասարակական մեծ աղմուկին և դեմոկրատների կոշտ քննադատությանը՝ չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Սենատը և Կոնգրեսը անցկացրեցին հարկային կրճատումների նոր օրինագիծը:

Հանրապետականները տոնում են ԱՄՆ-ի հարկային նոր օրինագծի ընդունումը՝ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին նշանակալի օրենսդրական հաղթանակը:

Հարկային կրճատումների այս հակասական օրինագիծը հաստատվել է թե՛ Ներկայացուցիչների պալատի և թե՛ Սենատի հանրապետական մեծամասնության կողմից՝ չնայած դեմոկրատների միասնական ընդդիմությանը: Նոր օրենքը այժմ պետք է վավերացվի Սպիտակ տանը` նախագահի ստորագրությամբ:

Դեմոկրատները խստորեն քննադատել են նոր հարկային օրինագիծը՝ պնդելով, որ այն բացառապես սպասարկելու է Ամերիկայի մեծահարուստների շահերը՝ ի վնաս միջին և աշխատավոր դասի ամերիկացիների:

Թրամփը այս հաղթանակը «պատմական» է որակել:

«Հարկային զգալի կրճատումների և անհրաժեշտ բարեփոխումների մասին է այս օրինագիծը: 34 տարի շարունակ նրանք փորձում են նույնն անել, բայց չէին հաջողում, քանի որ օգտագործում էին ՝՝բարեփոխում՛՛ բառը: Ճիշտ է բարեփոխում կա այստեղ, բայց մենք առաջին հերթին խոսում ենք հարկերի թեթևացման և կրճատման մասին», - հայտարարել է Թրամփը:

Փոխոխված հարկային օրինագիծից մեծապես կօգտվեն խոշոր հարկատուներն ու կորպորացիաները, սակայն ըստ փորձագետների, առաջիկա տասնամյակի ընթացքում այն նաև կավելացնի ԱՄՆ-ի պետական պարտքի չափը առնվազն 1 տրիլիոն դոլարով:

Հարկային քաղաքականության անկախ կենտրոնի հաշվարկներով՝ առաջիկա տարում ամերիկացիների 95%-ը՝ մասնավորապես բարձր եկամուտ ունեցող և մեծ հարկեր վճարողները, կզգան հարկային փոփոխված օրինագծի դրական կողմերը:

Նշենք նաև, որ թեև մի շարք հանրապետական օրենսդիրներ շարունակում են քննադատել լրատվամջոցներին հարկային օրինագիծը օբյեկտիվորեն չլուսաբանելու համար, հասարակական հարցումները վկայում են, որ ամերիկացիների զգալի մասը դեմ է հարկային կրճատումների փոփոխված օրինագծին:

XS
SM
MD
LG