Մեկ տարի առաջ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի վտանգը ազգային անվտանգության կարեւորագույն հարց էր որակել:
«Նա որոշակի ակնկալիքների հիմք էր տվել Հյուսիսային Կորեայի հարցում, որոնց չկատարումը հարցականի տակ կդնի նրա վարկանիշը», - նշում է Յոնսեյ համալսարանի վերլուծաբան Ջոն Դելուրին:
Ապրիլին Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հետ Ֆլորիդայի իր առանձնատանը ճաշկերույթի ընթացքում նախագահ Թրամփը հրամայել էր ռմբակոծել Սիրիան՝ քաղաքացիների դեմ քիմիական զենքի օգտագործման մեղադրանքների պատճառով:
Այդ քայլը պետք է համոզեր նախագահ Սիին, ասում են Թրամփի աջակիցները, որ ԱՄՆ-ը ինքնուրույն կհակազդի Հյուսիսային Կորեայի սադրանքներին, եթե Չինաստանը դա չանի:
Հյուսիսային Կորեայի դեմ Թրամփի կոշտ մոտեցմանն աջակցում է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն, մինչդեռ Հարավային Կորեայի ղեկավարությունը, լինելով ճնշումների կողմնակից, դեմ է զինուժի օգտագործմանը:
ԱՄՆ-ի ներսում նույնպես Հյուսիսային Կորեայի դեմ զինուժ կիրառելու հարցում զգուշորեն են մոտենում: Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի խոսքով, նման որոշումը կարող է դառնալ «անհավատալի մեծ չափերի ողբերգություն», իսկ պետքարտուղար Թիլերսոնը հայտարարել է բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:
Փհենյանն, իր կողմից է՛լ ավելի սրելով իրավիճակը, երկու հրթիռ է արձակել Ճապոնիայի տարածքի վրայով եւ վեցերորդ միջուկային փորձն իրականացրել մեկ ամսվա ընթացքում: Ի պատասխան ՄԱԿ-ում ԱՄՆ-ը կարողացել է համոզել Չինաստանին եւ Ռուսաստանին խստացնել միջազգային պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ:
Վերլուծաբաններն ակնկալում են, որ ճգնաժամը դեռ շարունակվելու է, սակայն, եթե Հյուսիսային Կորեան համաձայնի մասնակցել Հարավային Կորեայում նախատեսված Օլիմպիական խաղերին, սադրանքները կարող են դադարել, գոնե՝ ժամանակավորապես:
Facebook Forum