Մատչելի հղումներ

Թուրքիան պայմանականորեն ազատ է արձակել գերմանացի-թուրք լրագրողին


Մոտ 8 ամիս ազատազրկումից հետո Թուրքիան ազատ է արձակել գերմանացի լրագրող Մեսալե Թոլուին՝ երկրից չբացակայելու պայմանով: Այս մասին տեղեկացրել են գերմանացի պաշտոնատար անձինք:

Թուրքիան մեղադրում է Թոլուին ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու և ահաբեկչության քարոզչություն իրականացնելու մեջ 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման փորձից հետո: Նա ձերբակալվել էր ապրիլի 30-ին: Նրա ամուսինը՝ լրագրող Սուաթ Քորլուն, ով ձերբակալվել էր ավելի շուտ, ազատ էր արձակվել մեկ ամիս առաջ: Երկուսի նկատմամբ սակայն մեղադրանքներն ուժի մեջ են:

Թոլուի ազատ արձակման որոշմանը նախորդել էր Գերմանիայի դատախազության գործի կարճումը մահմեդական մի շարք հոգևոր գործիչների նկատմամբ, ում Բեռլինը կասկածում էր Թուրքիայի կառավարության համար լրտեսություն իրականացնելու մեջ:

Դատարանի շենքի մոտ Թոլուի ազատ արձակմանն անհամբեր սպասում էին նրա հարազատները:

«Նրանք իմ դուստրից խլել են նրա կյանքի ավելի քան 8 ամիսը՝ պահելով նրան բանտում: Այժմ նա ազատության մեջ է, և ես երջանիկ եմ: Մենք նորից երջանիկ ընտանիք ենք»,- ասել է Մեսալի Թոլուի հայր Ալի Ռիզա Թոլուն:

Գերմանական կողմը ևս արձագանքել է Թոլուի ազատ արձակման փաստին:

«Մի կողմից դա լավ լուր է , քանի որ նա ազատության մեջ է: Սակայն մյուս կողմից այն ամբողջական չէ, քանի որ նրան արգելված է լքել երկիրը և գործի քննությունը դեռ շարունակվում է»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը:

Թոլուի ազատման փաստին նույն ոճով են արձագանքել նաև Գերմանիայի քաղաքական կուսակցությունները, որոնք քննադատության էին ենթարկել Անկարային լրագրողի ձերբակալման համար: Բացի այդ, 2016 թվականի հեղաշրջման տապալումից հետո ձերբակալությունները Թուրքիայում դարձել էին համատարած, որի ընթացքում ճաղերի հետևում են հայտնվել նաև Գերմանիայի քաղաքացիություն ունեցող տասնյակ անձինք:

«Չնայած նրա ազատ արձակմանը, մենք մտահոգված ենք, քանի որ սա վերջնական ազատում չէ բանտից, ու քանի որ գործը փակված չէ: Նա դեռ պարտավորված է ներկայանալ դատարան, գրանցվել ամեն շաբաթ ոստիկանությունում և նրան արգելված է լքել երկիրը: Ուստի ես կարծում եմ սա դրական ազդանշան է, սակայն իրավիճակը դեռ մտահոգիչ է»,- ասում է գերմանական ձախակողմյան կուսակցության պատգամավոր Հեյք Հենսելը:

Թուրքական կողմը իր հերթին մեղադրում էր Բեռլինին հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող շատ անձանց Թուրքիային չարտահանձնելու ու նրանց ապաստան տրամադրելու մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG