Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին Եմենի զինյալներին զինելու մեջ


ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին ներկայացրել է, իր պնդմամբ, հստակ և անժխտելի ապացույցներ այն մասին, որ Իրանը զինում է Եմենում ապստամբ հութիներին։

«Բոլոր այդ զենքերը կրում են Իրանում պատրաստված մասեր: Դրանցից ոմանք Իրանի պետական ռազմական արդյունաբերության ոլորտի արտադրանք են: Այս ամենը ապացույց է, որ Իրանը դեմ է հանդես գալիս միջազգային հանրությանը, և դա մեկ անգամ չէ, որ այդպես է: Այդ ապացույցները ցույց են տալիս, որ Իրանը տուրք է տալիս հակամարտությանն ու ծայրահեղականությանը՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»,- հայտարարել է Հեյլին:

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Կոնգրեսի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին տրամադրել Սաուդյան Արաբիայի տարածքում հայտնաբերված բեկորները՝ որպես ապացույց։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան վերջին 4 տարիներին պայքարոմ է հութի զինյալների դեմ, հրթիռակոծելով նրանց դիրքերը, այն բանից հետո, երբ վերջիններս իշխանությունից հեռացրեցին օրինական նախագահին: Կոալիցիան նաև օդային և ծովային շրջափակման է ենթարկել Եմենը՝ խոչընդոտելով մարդասիրական օգնության տրամադրումը, որը կարող է տեղի բնակչությանը կանգնեցնել համատարած սովի վտանգի առջև:

Դեսպան Հեյլին ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի զեկույցը, որը անդրադարձել է Իրանի կողմից 2015 թվականի միջուկային համաձայնագրի իրականացման վրա:

Չնայած զեկույցը եզրահանգում է, որ Իրանը հավատարիմ է միջուկային համաձայնագրի դրույթների իրականացմանը՝ այն նաև ընդգրկում է մի շարք երկրներից ստացված մանրամասն տեղեկություններ Եմենում կամ դրա շուրջը հայտնաբերված զենքերի մասին, որոնք, ըստ զեկույցի, կարող էին տրամադրվել զինյալներին Իրանի կողմից: Սակայն զեկույցը որևէ հստակ եզրակացություն չի հայտնում այս առիթով:

Դեսպան Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կոալիցիա կստեղծի՝ Իրանի վարքագծին հակազդելու համար: Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կիրականացվեն ինչպես Միացյալ Նահանգների ներսում՝ Կոնգրեսի անդամների շրջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում, մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Իրանի արտաքին գործերի նախարարը թվիթերյան գրառման միջոցով հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները: Դրանք հերքվել են նաև ՄԱԿ-ում Իրանի առաքելության կողմից, որի հայտարարության մեջ ամերիկյան կողմի մեղադրանքները բնութագրվել են որպես «անհիմն, և միևնույն ժամանակ՝ անպատասխանատու, ապակառուցողական և հրահրիչ»:

Facebook Forum

XS
SM
MD
LG