Մատչելի հղումներ

Թրամփի վարչակազմի սևամորթ ամենահայտնի պաշտոնյան լքում է Սպիտակ տունը


Դոնալդ Թրամփի վարչակազմը արդեն իսկ հայտնի է անակնկալ հրաժարականներով և պաշտոնյաների հեռացման աղմկահարույց պատմություններով: Այս պատմությունների շարքին է միացել նաև Թրամփի կողմից մեծ աջակցություն վայելող, նրա սևամորթ սակավաթիվ պաշտոնյաներից մեկի՝ Օմարոսա Նյումանի հրաժարականը:

Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Դոնալդ Թրամփին հաճախ մեղադրում էին չափազանց «սպիտակ վարչակազմ», այսինքն՝ հինմականում սպիտակամորթ մարդկանցից բաղկացած վարչակազմ ունենալու մեջ: Դրան ի պատասխան Թրամփը բազմիցս նշել է, որ դա այդպես չէ, օրինակ բերելով Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Օմարոսա Մանիգալթ Նյումանին:

Սակայն Սպիտակ տան խոսնակ Սարա Հաքաբին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Թրամփի ամենից շատ աչքի ընկնող սևոմորթ աջակիցը Սպիտակ տունը կլքի հունվար ամսին: Նյումանը Թրամփի հետ աշխատել է տարիներ շարունակ, մի քանի անգամ հանդես գալով վերջինիս «Ափրենթիս» հեռուստաշոուում: Սակայն նրա հրաժարականի շուրջ տարբեր վարկածներ կան, ընդհուպ ԱՄՆ-ի մի քանի հեղինակավոր լրատվամիջոցներ այն վարկածը, որ նախագահի հատուկ ծառայությունը նրան բռնի ուժով հեռացրել է Սպիտակ տնից:

«ԷյԲիՍի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Նյումանը հերքել է այս վարկածը,- «Սպիտակ տան անձնակազմի ղեկավար Ջոն Քելլին և ես քննարկեցինք ինձ հուզող խնդիրները և իմ բարձրաձայնած հարցերը, ինչի արդյունքում ես որոշեցի հրաժարվել իմ պաշտոնից: Քաշքշուկի մասին ասեկոսեները պարզապես նախանձ մարդկանց կողմից տարածվող ստեր են»:

Նյումանը սակայն հավելել է, որ որպես Սպիտակ տանը բարձր պաշտոն զբաղեցնող սևամորթ աշխատակից, ինքը շատ հետաքրքիր պատմություններ ունի,-«Սպիտակ տանն իմ աշխատանքի ընթացքում ես բաներ եմ տեսել, որոնք ինձ խորապես հուզել են, որոնք ինձ վրա խորը և զգացական նստվածք են թողել, բաներ, որոնք ազդել են ինձ և իմ համայնքի վրա: Եվ երբ ես կարողանամ պատմել իմ պատմությունը, այն նշանակալի և հետաքրքիր կլինի»:

Նյումանն իհարկե Թրամփի վարչակազմը լքած միակ բարձր պաշտոնյան չէ, նրա նախագահության մեկ տարին դեռ չլրացած Սպիտակ տանն արդեն իսկ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել:

Ահա Թրամփի վարչակազմը ինքնակամ կամ պարտադրաբար լքած խոշոր պաշտոնյաներից մի քանիսը.

  • Սպիտակ տան քաղաքական հարցերով խորհրդական Սթիվ Բենոնը պաշտոնից հրաժարվեց օգոստոսի 24-ին:
  • Էնթոնի Սքարամուչին Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրենի պաշտոնը զբաղեցրեց ընդհամենը 11 օր:
  • Սպիտակ տան Մամուլի քարտուղար Շան Սփայսերը լքեց պաշտոնը՝ վեց ամիս լրատվամիջոցների հետ վիճաբանություններից հետո:
  • Անվտանգության հարցերով նախագահի ավագ խորհրդական Մայքըլ Ֆլինը հեռացվեց աշխատանքից ընդհամենը 24 օր հետո, ով ի դեպ հետաքննվում է Ռուսաստանի հետ կապերի համար:
  • Մայիսի 9-ին աշխատանքից հեռացվեց ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին, ով արժանացել էր նախագահի դժգոհությանը Ռուսաստանի հետ նրա ընտրարշավի հետ կապերի հետաքննության համար:
  • Սակայն Քոմին միակը չեր, ով աշխատանքից հեռացվել էր Թվիթերում հայտարարության համաձայն։ Նան հետևել էր Սպիտակ տան անձնակազմի ղեկավար Ռեինս Փրիբուսի հեռացումը:
  • Գլխավոր դատախազ Սալլի Եյթսն էլ հեռացվել էր աշխատանքից ժամերի ընթացքում, երբ հայտարարել էր, որ Արդարադատության նախարարությունը չէր օժանդակի որոշ երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքի սահմանափակումը:
  • Առողջապահության և սոցիալական հարցերով քարտուղար Թոմ Փրայսն էլ հրաժարվել էր պաշտոնից, այն բանից հետո, երբ բացահայտվել էր, որ վերջինս պետբյուջեից առնվազն մեկ միլիոն դոլար էր ծախսել անձնական ճամփորդությունների համար:

Միացյալ Նահանգների թերևս ամենից անկանխատեսելի նախագահի, ոչ պակաս անկանխատեսելի վարչակազմը լի է անակնկալներով: Իսկ հասարակությունը ուշիուշով հետևում է իրադարձությունների զարգացմանը, և սպասում աշխատակազմի նախկին անդամների յուրօրինակ պատմություններին:

Facebook Forum

XS
SM
MD
LG