Մատչելի հղումներ

Չինաստանը մեղադրում է Միացյալ Նահանգներին իր ներքին գործերին միջամտելու համար: Օրերս նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2018 թվականի ռազմական ծախսերի մասին օրենքը, որում անդրադարձ կա Թայվանի հետ հարաբերություններին: Ըստ Ազգային պաշտպանության մասին այս օրենքի՝ թույլատրվում են ամերիկյան և թայվանական ռազմական նավերի փոխայցելություններ:

Չինաստանն ի պատասխան սպառնացել է, որ եթե ամերիկյան որևէ ռազմանավ մուտք գործի թայվանական նավահանգիստ, Չինաստանը կներխուժի Թայվան, քանի որ այն դիտարկում է իր ամբաժան մասը:

«Մեկ Չինաստան մոտեցումն ընկած է չին-ամերիկյան հարաբերությունների հիմքում: Չինաստանը կտրուկ դեմ է ԱՄՆ-ի ու Թայվանի միջև որևէ պաշտոնական, ռազմական շփումների կամ զենքի առուվաճառքի: Կոչ ենք անում ԱՄՆ-ին գիտակցել այն վնասը, որը կհասցվի նման քայլերի պարագայում։ Կոչ ենք անում հարցին մոտենալ՝ հիմնվելով Մեկ Չինաստան սկզբունքի և ընդունված երեք հիմնարար փաստաթղթերի վրա»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լու Քանգը:

Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչն իր մամլո ասուլիսի ընթացքում առանձին անդրադարձ ունեցավ նախագահ Թրամփի ստորագրած օրենսդրական ակտին՝ ընդգծելով, որ այն հակասում է Մեկ Չինաստան մոտեցմանը և վերոհիշյալ երեք հիմնարար փաստաթղթերին:

«Չնայած այն չունի պարտադիր օրենքի ուժ, օրենքը հակասում է Մեկ Չինաստան մոտեցմանը և չին-ամերիկյան երեք հիմնարար փաստաթղթերին: Այն միջամտում է Չինաստանի ներքին գործերին: Մենք դրան կտրուկ դեմ ենք և այդ մասին տեղեկացրել ենք ամերիկյան կողմին»,- հայտարարել է Լու Քանգը:

Եթե Թայվանի մասին օրենքի դրույթները ի կատար ածվեն, ապա ռազմանավերի փոխայցելությունները կստեղծեն առաջին նախադեպը 1979 թվականից ի վեր, երբ ԱՄՆ-ը դադարեցրեց Թայվանի հետ դիվանագիտական հարաբերությունները ՝ փոխարենը կապեր հաստատելով Պեկինի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG