Մատչելի հղումներ

Կատալոնիան՝ դեկտեմբերի 21-ի ընտրություններից առաջ


Կատալոնիան պատրաստվում է դեկտեմբերի 21-ի շրջանային ընտրություններին, որոնք տեղի կունենան Իսպանիայում քաղաքական ճգնաժամի պայմաններում Կատալոնիայի կարգավիճակի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Կատալոնիայի քաղաքական վերնախավի մի հատվածը շարունակում է մնալ ճաղերի հետևում, իսկ մյուս հատվածը լքել է երկիրը՝ հաստատվելով Բրյուսելում: Նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ խռովության կազմակերպման և հանրային միջոցները վատնելու մեղադրանքներով:

«Հանրաքվեի անցկացման կոչով հանդես գալը հանցագործություն չէ: Կառավարությունը հանցագործություն չի գործել»,- ասել է Կատալոնիաի նախկին նախագահ Կառլոս Պուջդեմոնը:

Կատալոնիայի նախկին նախագահ Կառլոս Պուջդեմոնը և նրա կառավարության նախկին 4 անդամներ հեռացել են Բրյուսել: Միևնույն ժամանակ, նախկին փոխնախագահ Օրիոլ Ջունքվայերեսն ու կառավարության նախկին անդամ Խոակիմ Ֆորնը, անջատողական շարժման երկու այլ առաջնորդների հետ ձերբակալվել են իրավապահների կողմից: Միևնույն ժամանակ, կառավարության նախկին 6 անդամներ ազատ են արձակվել 100 հազար եվրո գրավի դիմաց:

«Ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեի առաջարկը հաստատվել էր 72 կողմ, զրո՝ դեմ, 11՝ ձեռնպահ քվեարկությամբ»,- հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Քարմե Ֆորքադելը:

Կենտրոնական իշխանությունները, ի դեմս Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի, դադարեցրել էին Պուջդեմոնի կառավարության լիազորություններն անկախության հռչակումից ժամեր անց՝ դեկտեմբերի 21-ին նշանակելով նոր շրջանային ընտրություններ:

«Ինքնորոշման հանրաքվեն չի կայանա, քանի որ այն խախտում է իսպանացիների՝ իրենց ապագան որոշելու իրավունքը: Ինչպես հասկանում եք՝ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ դատարանը չեն կարող հանդուրժել դա որևէ հանգամանքում»,- հայտարարել էր Իսպանիայի վարչապետը:

Վերջինիս կտրուկ քայլերը հավանության են արժանացել նաև Իսպանիայի թագավոր Փիլիպոսի կողմից:

«Որոշ ժամանակ առաջ Կատալոնիայի իշխանության հայտնի մարմինները միտումնավոր և պարբերաբար կերպով խախտել են երկրի սահմանադրությունը և երկրամասի ինքնավարության մասին օրենքը»,- հայտարարել էր Իսպանիայի Փիլիպոս թագավորը:

Կատալոնիայի վտարանդի նախագահ Կառլոս Պուջդեմոնը գլխավորում է իր կուսակցության նախընտրական քարոզարշավն ու ցացուկը Բրյուսելից, իսկ ձերբակալված փոխնախագահ Ջունքվայերեսը՝ կալանավայրից: Հարցումները ցույց են տալիս, որ այս երկրամասում անկախության կողմնակիցների ու հակառակորդների թվերը հավասար են:

«Եթե կա մի բան, որից նրանք վախենում են, այն է, որ դեկտեմբերի 21-ին մենք բոլորս կքվեարկենք հօգուտ Կատալոնիայի: Խոսքը միայն արդյունքի մասին չէ, այլ հաղթանակի մասին է: Սա է ստիպում նրանց դողալ»,- հայտարարել է Պուջդեմոնը:

Դեկտեմբերի 21-ի ընտրությունները կարևոր քննություն է Իսպանիայի քաղաքական ապագայի համար: Ընտրությունների արդյունքները կարող են իրական պատկերացում տալ այս երկրամասում անկախության կողմնակիցների և հակառակորդների հարաբերակցության վերաբերյալ:

Facebook Forum

XS
SM
MD
LG