Մատչելի հղումներ

«Փայփայեք հավակնոտ երազանքներ»՝ այսպես դիմեց Սպիտակ տանը հավաքվածներին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ով ստորագրեց Միացյալ Նահանգների տիեզերագնացության նոր ծրագիրը: Դրա համաձայն Ամերիկան վերադառնում է մեծ տիեզերք.

«Սա կարեւոր քայլ է, որն ամերիկյան տիեզերագնացներին Լուսին կվերադարձնի՝ առաջին անգամ 1972 թվականից ի վեր: Այս անգամ սակայն մենք ոչ միայն Լուսնի վրա կտեղադրենք մեր դրոշը, այլեւ հիմք կդնենք Մարս մեկնելու առաքելության համար»:

Դեպի Լուսին տիեզերագնացությունները ԱՄՆ-ի նախագահի խոսքով, թույլ կտան ամերիկյան մասնագետներին նախապատրաստվել Մարսի վրա վայրէջք կատարելու համար, իսկ դա նոր ծրագրեր, աշխատատեղեր ու հնարավորություններ է բացում.

«Ամերիկյան տիեզերագնացության ծրագիրը պետք է ոգեշնչի ողջ մարդկությունը»:

Միացյալ Նահանգները պետք է կրկին դառնա տիեզերքի հետազոտության առաջատարը, չէ որ նախաձեռնողական ոգին ամերիկյան հիմնական հատկանիշներից է, հիշեցնում է Դոնալդ Թրամփը.

«Մեր նախահայրերը ոչ միայն նոր աշխարհներ են բացել։ Նրանք մնացել են այստեղ, հետազոտել, կառուցել ու ստեղծագործել: Եվ այդ նախաձեռնողական ոգին նրանց առջեւ բացել է հնարավորություններ, որոնց մասին մյուսները չէին էլ երազում»:

Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ՆԱՍԱ-ին՝ Ամերիկյան տիեզերագնացության գործակալությանը, կարգադրում է Լուսնի վրա վայրէջք կատարել եւ մշակել դեպի Մարս արշավը: Չէ որ աստղային երկինքը մարդու առջեւ անսահման հնարավորություններ է բացում, մնում է միայն դրանցից օգտվել:

Facebook Forum

XS
SM
MD
LG