Մատչելի հղումներ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հարավային Կալիֆոռնիայի կործանարար հրդեհները տարածվում են սրընթաց արագությամբ: «Թոմաս» հրդեհից այրված տարածքների ընդհանուր մակերեսը գերազանցում է Նյու Յորքի չափսերը:

Լոս Անջելեսի հյուսիսարևմուտքում գտնվող Սանտա Բարբարայի մարզում մեկ շաբաթից ավելի մոլեգնող «Թոմաս» հրդեհը Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ գրանցված ամենախոշոր ու ամենակործանարար հրդեհներից է, փոխանցում են Կալիֆոռնիայի իշխանությունները:

«Թոմաս» անվանումը ստացած անտառային հրդեհները երեքշաբթի օրվա տվյալներով 930 հազար քառակուսի կիլոմետր տարածք են ընդգրկել, որի մակերեսը գերազանցում է Նյու Յորքի չափսերը: Հրդեհների պատճառով30 հազար մարդ է տարհանվել իրենց բնակավայրերից, այրվել է 800-ից ավելի շինություն, փակվել են բազմաթիվ դպրոցներ:

Կալիոֆոռնիայի իշխանությունների հաղորդմամբ՝ թեև հրշեջ ծառայությունները մասնավորապես ուղղաթիռներով անում են առավելագույնս հրդեհների մարման և դրանց առաջխաղացումը կասեցնելու ուղղությամբ, քամու դիմադրության պատճառով փրկարարական աշխատանքները դանդաղ են ընթանում և պայթունավտանգ հրդեհը դեռևս ամբողջությամբ չի մարվել:

Թրամփի հրամանով՝ ուրբաթ օրը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել: Վերջինս նաև կոչ է արել դաշնային գործակալություններին մոբիլիզացնել ջանքերը հրդեհի մարման աշխատանքերը ավելի արդյունավետ համակարգելու համար:

Անտառային հրդեհները հարավային Կալիֆոռնիայում հատկապես տարվա այս շրջանում՝ նախքան ձմեռային անձրևները, կարծես սովորական երևույթ են դարձել: Այս տարի, սակայն, իրավիճակն ավելի է սրվել՝ տաք և չոր կլիմայական պայմանների ու քամու պատճառով:

Միայն վերջին շաբաթների ընթացքում՝ հյուսիսային Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների հետևանքով 44 մարդ է զոհվել, ավերվել է շուրջ 9 հազար տուն և շինություն:

XS
SM
MD
LG