Մատչելի հղումներ

Իրաքում ԱՄՆ-ի դեսպան Դուգլաս Սիլիմանը հայտարարել է, որ Բաղդադը ազատագրել է բոլոր տարածքները Դաեշ-ից, որոնք կորցրել էր վերջին երեք տարիների ընթացքում: Այժմ, ըստ դեսպանի, Միացյալ Նահանգներն աշխատում է Իրանի ազդեցությունը տարածաշրջանում նվազեցնելու ուղղությամբ:

Դեսպան Սիլիմանի կարծիքով, այժմ եկել է ժամանակը վերականգնելու Իրաքում բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ էլեկտրականության և ջրի մատակարարման համակարգերը, ինչպես նաև վերաբացելու դպրոցներն ու բժշկական կենտրոնները: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է միասնական, ինքնիշխան և դաշնային Իրաքի պետականությունը, ուր անհրաժեշտ է նաև հաշտեցման եզրեր գտնել Բաղդադի ու իրաքյան քրդերի միջև:

Շաբաթ օրը իրաքյան զորքերը ազատագրեցին սիրիական սահմանին իրաքյան վերջին բնակավայրը, որը գտնվում էր Դաեշ-ի վերահսկողության ներքո: Այս առիթով հաջորդ օրը տեղի ունեցավ ռազմական շքահանդես:

Վերլուծաբանները կարևոր են գնահատում այս հաղթանակները: Ըստ նրանց, հաջորդ կարևոր խնդիրը Բաղդադի և Դամասկոսի ապագա հարաբերություններն են այնտեղ բնակվող շուրջ 20 միլիոն սուննի արաբների հետ: Վերջիններիս նկատմամբ կենտրոնական իշխանությունների վերաբերմունքից է կախված, ըստ վերլուծաբանների, այս երկրների հետագա կայունության ապագան և Դաեշ-ի սպառնալիքի վերջնական վերացման հնարավորությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG