Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփի որոշումը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին արյունալի բախումներ է հրահրել Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցիների ու իսրայելյան բանակի միջև: Վերջիններս օգտագործել են արցունքաբեր գազ ընդդեմ պաղեստինցիների: Բացի դրանից, բողոքի ցույցեր են ընթանում մահմեդական մի շարք երկրներում, ներառյալ Թուրքիայում:

«Որոշումը սրում է իրավիճակը: Այն խոչընդոտ է խաղաղությանը: Սա լավ ծրագրավորած քայլ չէր: Այսօր աշխարհում 1,5 միլիարդ մահմեդական կա: Նրանց կարծիքը հաշվի չի առնվել: Բոլոր երկրներն, անկախ դավանանքից, ասում են, որ որոշումը սխալ էր: Կարծում եմ այն կվերանայվի»,- ասում է Սելահաթին Էրգինը Ստամբուլից:

Նախագահ Թրամփի որոշումը խորհրդանշական էր, ասում է Թուրքիայում և Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին, ով ընդգծում է, որ դրա մասին որոշումն ԱՄՆ-ի Կոնգրեսը ընդունել է ավելի քան 20 տարի առաջ:

«Խնդիրը նրանում է, որ այն հնարավորություն է տալիս մահմեդական աշխարհին հարցականի տակ դնել նախագահի վերաբերմունքը դեպի մահմեդական աշխարհը: Այն խափանում է խաղաղ կարգավորման գործընթացը Իսրայելի և պաղեստինցիների միջև»,- նշում է նախկին դեսպանը:

Դեսպան Ջեֆրիի կարծիքով, այս որոշումը նաև կխոչընդոտի Իրանի դեմ դաշինք ստեղծելու գործընթացին:

«Իրանը մեկը մյուսի հետևից հաջողություններ է գրանցում Մերձավոր Արևելքում, և այս որոշումը վնասում է հակաիրանյան դաշինքի ստեղծմանը, որը նախագահը փորձում է ձևավորել Թուրքիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, արաբական աշխարհի և անգամ շիաների մասնակցությամբ»,- ասում է Ջեֆրին:

Դեսպան Ջեֆրին նշում է նաև, որ որոշումը դիտարկվում է որպես կողմնակալ ի օգուտ Իսրայելի և կարող է սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Իսկ այդ ընթացքում մահմեդական աշխարհն արձագանքում է այս որոշմանը: Պակիստանում կրոնական Ջամաթ ի Իսլամի կուսակցությունը կոչ է անում համատարած բողոքի ցույցեր կազմակերպել երկրում։ Գազայի գոտում Համաս շարժումը հռչակել է նոր ինթիֆադա, իսկ Արաբական լիգայի երկրները շաբաթ օրը պատրաստվում են քննարկել ստեղծված իրավիճակը:

Facebook Forum

XS
SM
MD
LG