Մատչելի հղումներ

Կրքեր են բորբոքվում Մերձավոր Արեւելքում Թրամփի հայտարարությունից հետո


Կրքեր են բորբոքվում Մերձավոր Արեւելքում Թրամփի հայտարարությունից հետո
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00

Տասնյակ պաղեստինցիներ են վիրավորվել Գազայի գոտում ու Հորդանան գետի արեւմտյան ափում սկսված բախումների արդյունքում, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք։ Այժմ Իսրայելի հարյուրավոր թվակազմով հավելյալ ուժեր են տեղաբաշխվել նշված հատվածներում, որտեղ պաղեստինցիները սկսել են գործադուլ ու դուրս եկել փողոցներ։ Իսկ ամենավտանգավոր օրը կարող է դառնալ ուրբաթը, քանի որ Համասի ղեկավարն ուրբաթ օրը հայտարարել է ՝՝կատաղության օր՛՛ ու ասել, որ այն պիտի դառնա ՝՝ինթիվադայի՝ արաբերենից՝ ապստամբության առաջին օրն ընդդեմ բռնազավթողների՛՛։ Նրա խոսքերով, իրենք Համասի անդամներին ու նրա բոլոր թեւերին շուտով տալու են հանձնարարականներ՝ ՝՝ռազմավարական այս վտանգի առաջն առնելու համար՛՛։

Մինչեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում էր հանդես գալ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությամբ, նրան բոլոր կողմերից էին կոչ անում հրաժարվել նման քայլից՝ կանխատեսելով, որ այն կդառնա նոր բախումների ու թշնամանքի պատճառ։ Սակայն Թրամփը, մի կողմ դնելով բոլոր հորդորները, ցանկացավ հավատարիմ մնալ նախընտրական արշավի ժամանակ տված իր խոստումին։

Չորեքշաբթի օրն արտասանած խոսքում Թրամփն ասել էր, թե ինքը պարզապես ճանաչում է իրականությունը։ Նա ասել էր, թե Ամերիկան շարունակելու է աջակցել խնդիրը երկու պետություն սկզբունքով լուծելու տարբերակը, սակայն ոչինչ չէր ասել մինչեւ 1967 թվականը գոյություն ունեցող սահմանների շրջանակում պաղեստինյան անկախ պետություն հիմնելու մասին։ Հիշենք, որ արեւելյան Երուսաղեմը, որը պաղեստինցիները համարում են իրենց ապագա պետություն մայրաքաղաք, Իսրայելը բռնազավթել է 67 թվականի պատերազմի ժամանակ։ Ուրեմն, արդյո՞ք Թրամփն իր այս քայլով չի ուզում ասել, որ Երուսաղեմն ամբողջությամբ պատկանում է Իսրայելին։ Եթե այդպես է, ասում է Ամերիկա-իսլամական խորհրդի վերլուծաբաններից Նիհադ Աուադը, Թրամփը մահացու հարված է հասցնում այս տարածաշրջանում խաղաղության հեռանկարներին։

Կարելի է ասել, որ Թրամփի հայտարարությունն արժանացել է միայն Իսրայելի կառավարության հավանությանը, երբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասում է, թե Իսրայելը խորապես երախտապարտ է Թրամփին։

Սակայն աշխարհի երկրները ու միջազգային կազմակերպությունները Թրամփի միակողմանի քայլը համարում են ՝՝վտանգավոր ու ոչ արդար՛՛։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այն հակասում է միջազգային օրենքներին ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին։

Սաուդյան Արաբիայի Սալման արքան զանգահարել էր Թրամփին ու նախորդ օրն ասել, որ նման քայլը ամբողջ աշխարհրում կհամարվի մահմեդականների դեմ սադրանք։ Իրանը նույնպես կարծում է, որ այն կդառնա նոր ինթիֆադայի առիթ ու նշում, որ ԱՄՆ-ը ոտնահարում է միջազգային օրենքները։ Լիբանանի նախագահ Միշել Աունի խոսքերով, այդ քայլով խաղաղության գործընթացը մի քանի տասնամյակով կարող է հետընթաց կատարել։ Քաթար պետության արտգործնախարարի խոսքերով, այս քայլը ՝՝մահվան դատավճիռ էր բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են խաղաղության՛՛։

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է անում բոլոր կողմերին հարգել Երուսաղեմի ներկա ստատուս քվոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը՝ խոստանում անել ամեն ինչ, որ Իսրայելի ու պաղեստինցիների ղեկավարները վերադառնան խելամիտ բանակցությունների։ Պաղեստինիցիների նախագահ Մահմուդ Աբասը պատրաստվում է ներկայացնել բողոք Անվտանգության խորհրդին ու փորձում ամեն ինչ անել իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթացում Արաբական լիգայի դերակատարությունը բարձրացնելու ուղղությամբ։ Նա պատրաստվում է հայտարարել, որ Միացյալ Նահանգներն այլեւս որակազրկվում է որպես խաղաղության գործընթացի համահովանավորող։

Եվրոպական միությունն էլ կոչ է անում ՝՝առաջ շարժվել խաղաղության բանակցությունները դեպի երկու պետություն սկզբունքով խնդիրը լուծելու ուղղությամբ եւ Երուսաղեմը Իսրայելի ու Պաղեստինյան ապագա պետության մայրաքաղաք հռչակելու սկզբունքով։

Իսկ կրքերն առայժմ շարունակում են ավելի բորբոքվել։

Facebook Forum

XS
SM
MD
LG