Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Մյանմարի զինվորականների նկատմամբ


ԱՄՆ-ի Կոնգրեսը քննարկում է Ռոհինգյայի մասին բանաձևը: Կոնգրեսական Ուիլ Հարդը տեղի ունեցած բռնություններն անվանում է ՝՝ցեղասպանություն՛՛։

Ողբերգալի այդ դեպքերին անդրադարձավ նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը.

«600 հազար ռոհինգիացի ենթարկվել են տեղահանության այս ամիսներին և ստիպված՝ հատել Բանգլադեշի հետ սահմանը: Հարյուրավոր մարդիկ սպանվել են, առնվազն 200 գյուղ ոչնչացվել է, Բանգլադեշի սահմանի երկայնքով տեղադրվել են ականներ: Տեղեկություն կա ռոհինգիացիների նկատմամբ բռնության և բռնաբարության դեպքերի մասին»,- ասել է կոնգրեսական Ռոյսը:

Երկու կուսակցություններն էլ համամիտ են ճգնաժամի դատապարտման հարցում, սակայն դեմոկրատները քննադատում են Թրամփի վարչակազմն արձագանքի ուշացման և փախստականների նկատմամբ նոր քաղաքականության համար:

«Այս վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ-ի մասնակցությունը ներգաղթի գլոբալ կարգավորման ՄԱԿ-ի նախաձեռնությունում պատմության մեջ փախստականների հետ կապված ամենալուրջ ճգնաժամի պահին: Ամո՛թ մեզ: Մենք պետք է ավելի շատ ջանք գործադրենք»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը:

Իսկ այդ ընթացքում ԱՄՆ-ի Կոնգրեսում Ռոհինգիայի վերաբերյալ առաջարկված բանաձևի նախագիծը դիտարկում է Մյանմարի ռազմական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ու փախստականներին օգնություն տրամադրելու հնարավորությունը:

«ԱՄՆ-ը իհարկե չի կարող լուծել աշխարհում բոլոր խնդիրները, սակայն կան բաներ, որ կարող ենք անել և պարտավոր ենք: Բիրմայում հալածանքների կազմակերպիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դրանցից մեկն է»,- ասում է կոնգրեսական Ջո Քրոուլին:

«Նպատակն է օգնել Բանգլադեշ տեղափոխված տեղահանվածներին վերադառնալ Բիրմայում իրենց տները: Շատերի տները ոչնչացվել են զինվորականների կողմից: Ուստի նաև շատ տնտեսական հիմնախնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն»,- ասում է կոնգրեսական Սթիվ Չաբոթը:

Սակայն այս տարի Ռոհինգիայի բանաձևի ընդունմանը կարող են խոչընդոտել մի շարք վարչական և տեխնիկական հարցեր, ներառյալ ԱՄՆ-ի Կոնգրեսի ժամանակացույցն ու օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների բանակցությունները կառավարության կողմից միջոցների տրամադրման հարցի շուրջ: Հաշվի առնելով այս ամենը՝ չի բացառվում, որ բանաձևի քննարկումը տեղափոխվի հաջորդ տարի՝ անկախ փախստականների անհապաղ օգնության կարիքներից:

Facebook Forum

XS
SM
MD
LG