Մատչելի հղումներ

Վաշինգտոնում քննարկվել են Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հալածանքները


Մերձավոր Արևելքի տարածաշրջանը շարունակում է մնալ բազմաթիվ կրոնների և դավանանքների խաչմերուկ: Երբեմնի քրիստոնեության ծննդավայր հանդիսացող այս տարածաշրջանում քրիստոնյաների թիվը աստիճանաբար նվազում է: Մոտ մեկ դար առաջ այն կազմում էր ամբողջ բնակչության մոտ 20 տոկոսը, իսկ այսօր այդ թիվը նվազել է մինչև 3-4 տոկոսի: Ծայրահեղ իսլամիզմը, բռնությունը, հալածանքները և դրանց արդյունքում՝ սոցիալ տնտեսական հիմնախնդիրները զգալիորեն նպաստեցին Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների նոսրացմանը:

«Ժամանակին որոշակի հանդուրժողականության մթնոլորտ առկա էր՝ մեծամասամբ սոցիալ տնտեսական դրդապատճառներից ելնելով, սակայն արդեն 19-20 դդ քրիստոնյաների ժողովրդագրական ներկայությունը տարածաշրջանում զգալիորեն նվազում է, և 20-րդ դարի դրությամբ քրիստոնյաների համայնքները փոքրանում են և թուլանում»,- ասում է Բյուզանդական պատմության պրոֆեսոր, փորձագետ Ջեյմս Սքեդրոսը:

Տարածաշրջանում քրիստոնյաների նկատմամբ հալածանքների հետ կապված հիմնախնդիրների ուսումնասիրության և դրանց հակազդման նպատակով Վաշինգտոնում հրավիրված համաժողովը՝ «Սուրբ հողում և Մերձավոր Արևելքում քրիստոնայների հալածանքները» խորագրի ներքո, թվով երրորդ միջազգային համաժողովն է, որին ավանդաբար մասնակցում են քրիստոնեական տարբեր եկեղեցիների, դավանանքների ներկայացուցիչներ ու ոլորտի բազմաթիվ մասնագետներ:

«Այս միջոցառումն ամերիկյան կառավարությանը իրազեկում է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների իրավիճակի վերաբերյալ»,- ասում է միջոցառման բանախոս, փորձագետ Մարկ Մովսեսյանը:

Միջոցառման ժամանակ բանախոսներն անդրադարձան քրիստոնյա ազգաբնակչության հալածանքներին, դրանց պատմական նախադրյալներին,Մերձավոր Արևելքում իսլամի և քրիստոնեության պատմական փոխհարաբերություններին և դրանց ազդեցությանը մեր օրերի զարգացումների վրա:

«Խնդիրը նրանում է, որ մենք՝ Արևմուտքի քրիստոնյաներս, շատ տեղեկացված չենք Արևելքում մեր կրոնակիցների իրավիճակի մասին, քանի որ պատմականորեն, երբ այդ տարածաշրջանում հաստատվեց իսլամական գերիշխանություն, կապը Արևելքի քրիստոնյաների հետ խզվեց»,- ասում է Կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Սիդնի Գրիֆեյֆը:

«Մերձավոր Արևելքում շատերը շարունակում են դիտարկել քրիստոնյաներին որպես օտարներ՝ չնայած նրան, որ քրիստոնեության համար Մերձավոր Արևելքը հայրենիք է և քրիստոնյաներն այստեղ ներկայացված են վերջին 2000 տարիների ընթացքում»,- ասում է պրոֆեսոր Մարկ Մովսեսյանը:

Միջոցառման բանախոս Մարկ Մովսեսյանն իր խոսքում ընդգծեց, որ Արևմտյան երկրները պետք է զգուշորեն մոտենան Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հետ կապված հիմնախնդիրներին ՝ վերջիններիս նկատմամբ հալածանքներ չհրահրելու համար: Դրա վառ օրինակն է, ըստ բանախոսի, Օսմանյան կայսրության փորձը, երբ եվրոպական տերությունների ջանքերը կայսրության բարեփոխման և քրիստոնյաների իրավիճակի բարելավման ուղղությամբ ունեցան ողբերգական հետևանքներ:

«Արևմուտքը չպետք է տա խոստումներ, որոնք չի կարող իրականացնել, չպետք է անհիմն հույսեր տա: Չպետք է ստեղծի նախապայմաններ, որոնք վտանգի կենթարկեն քրիստոնյաներին: Այն արդեն այդպես գործել էր 19-րդ դարում և հետևանքները եղան ողբերգալի Արևելքում քրիստոնյաների համար»,- ասաց Մովսեսյանը:

«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում Մովսեսյանն անդրադարձավ նաև Մերձավոր Արևելքում հայ համայնքի հետ կապված հարցերին:

«Ինչպես բոլոր քրիստոնյա համայնքները, հայերը ևս պատմականորեն առերեսվել են բազմաթիվ մարտահրավերների և խոչընդոտների հետ: Սակայն մենք մշտապես կարողացել ենք ոտքի կանգնել և գոյատևել: Հայերը ներկայացված են եղել Մերձավոր Արևելքում դարերի խորքից և չնայած բազմաթիվ դժվարություններին, շարունակում են բնակվել այստեղ:»

Նա հույս հատնեց, որ նման միջոցառումները կօգնեն նաև բարձրաձայնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորության մասին, քանի որ հարթակ են տրամադրում այս խնդրին անդրադառնալու համար:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկան կոնգրեսականներ Գաս Բիլիրաքիսն ու Ջեֆ Ֆորթենբերին, ովքեր ընդգծեցին անցած տարի ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված բանաձևի կարևորությունը, որով Դաեշ-ի գործողություններն Իրաքում և Սիրիայում բնորոշվում են որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ և ցեղասպանություն:

Facebook Forum

XS
SM
MD
LG