Մատչելի հղումներ

Վաշինգտոնը լքում է ՄԱԿ-ի միգրացիոն գլոբալ համաձայնագիրը


UN Global Compact on Migration logo
UN Global Compact on Migration logo

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Միացյալ Նահանգները լքում է ՄԱԿ-ի Միգրացիոն գլոբալ համաձայնագիրը: Դրա մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը։

Հիշեցնենք, որ անցած տարի ՄԱԿ-ի անդամ 193 երկրներ միաձայն ընդունել էին Փախստականների ու ներգաղթյալների մասին նյույորքյան հռչակագիրը: Ոչ պարտադիր իրագործելի քաղաքական այդ հռչակագրով երկրները խոստանում էին պաշտպանել փախստականների իրավունքները, օգնել նրանց վերաբնակեցմանը և ապահովել վերջիններիս աշխատանքով և կրթության հնարավորությամբ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ հռչակագրի դրույթները հակասում են ներգաղթյալների հարցում ամերիկյան քաղաքականությանը: Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ ասված է, որ ԱՄՆ-ն աջակցում է ներգաղթյալների հարցում միջազգային ջանքերին, սակայն յուրաքանչյուր ինքնիշխան պետություն պետք է վստահ լինի, որ ներգաղթը օրինական է և անվտանգ:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին իր հերթին հայտարարել է, որ սա նախագահ Թրամփի որոշումն է և ընդգծել, որ ԱՄՆ-ը պետք է մշակի սեփական քաղաքականությունը ներգաղթյալների հարցում:

Այս հայտարարությունն արվել է ներգաղթյալների հարցով Մեքսիկայում սպասվող միջազգային համաժողովի մեկնարկից մի քանի ժամ առաջ: Համաժողովը նախատեսում է մշակել գլոբալ ռազմավարություն աշխարհում շուրջ 60 միլիոն բռնի տեղահանվածների հարցով:

ՄԱԿ-ն ափսոսանք է հայտնել այս առիթով՝ ընդգծելով, որ որևէ երկիր միայնակ չի կարող զբաղվել այս խնդրով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն ընդգծել է Միացյալ Նահանգների կարևոր դերը ներգաղթի հետ կապված հարցերում:

Facebook Forum

XS
SM
MD
LG