Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթեյան էջում գրել է, որ այն մեղադրանքները, թե իբր ինքը խնդրել է Ջեյմս Քոմիին դադարեցնել Մայքըլ Ֆլինի և Ռուսաստանի դեսպանի միջև կապերի առնչությամբ հետաքննությունը, չեն համապատասխանում իրականությանը, և Ջեյմս Քոմին ստում է:

Նախագահ Թրամփի գործողություններն ուսումնասիրվում են Մյուլերի գլխավորած հետաքննության շրջանակում, որտեղ փորձում են պարզել, թե արդյոք նախագահի թիմը համագործակցել է Մոսկվայի հետ և արդյոք նա խախտել է օրենքը՝ Քոմիին խնդրելով դադարեցել հետաքննությունը, իսկ հետագայում հեռացնելով նրան պաշտոնից:

Անդրադառնալով Ֆլինի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նախագահն ասել է.

«Շատ եմ ցավում գեներալ Ֆլինի համար: Ասեմ հետևյալը՝ Հիլարի Քլինթոնը Հետաքննության դաշնային բյուրոյին ստել է բազմաթիվ անգամ: Ֆլինը ստեց, և նրանք ոչնչացրեցին նրան: Սա խայտառակություն է ու չափազանց անարդար»,- ասել է նախագահ Թրամփը:

Ջեյմս Քոմին, ի պատասխան, իր թվիթերյան էջում տեղադրել է մի հատված հունիսին արված իր հայտարարությունից, ուր նա գրում է, որ Հետաքննության դաշնային բյուրոն անկախ մարմին է և աշխատում է չափազանց անկեղծ՝ ամերիկյան ժողովրդին ճշմարտությունը հասցնելու համար: Արդարադատության նախարարության մի շարք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ ևս հակազդել են նախագահին:

Գեներալ Ֆլինն իրեն մեղավոր է ճանաչել հետաքննությանը ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրելու համար իր և Ռուսաստանի նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակի միջև ունեցած կապերի մասին, նախքան նախագահ Թրամփի կողմից նախագահի պաշտոնի ստանձնումը: Նախագահի թվիթերյան գրառումները հայտնվեցին Ֆլինի կողմից իրեն մեղավոր ճանաչելուց երկու օր անց:

«Կարծում եմ այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը փակված չէ»,- ասում է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Այս պահին Ֆլինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում, սակայն նա համաձայնել է համագործակցել հետաքննության հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG