Մատչելի հղումներ

Թրամփը դեռևս չի ընդունել որոշում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու մասին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և վերջինիս դստեր ամուսին Ջարեդ Քուշները Բրուքինգսի հաստատությունում իր ելույթի ընթացքում ասել է, որ նախագահը ցանկանում է ընտրել ճիշտ ժամանակ՝ Իսրայելի պահանջն իրականացնելու համար: Խոսքը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանությունն այնտեղ տեղափոխելու մասին է:

«Նա դեռ ուսումնասիրում է տարբեր փաստեր: Երբ կայացնի իր որոշումը, ինքն անձամբ կասի դրա մասին, ոչ թե ես»,- ասել է Քուշները:

1995 թվականին ընդունված օրենքը պարտադրում է տեղափոխել ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ, սակայն հնարավորություն է տալիս նախագահին 6 ամսով հետաձգել որոշման կիրառումը՝ ազգային անվտանգության հիմնախնդիրներից ելնելով: Նախագահ Թրամփը դեռևս չի կայացրել վերջնական որուշումն այս առիթով՝ խուսափելով պաղեստինյան կամ իսրայելական կողմի արձագանքից: Իսրայելը շարունակում է կոչ անել Վաշինգտոնին որոշում ընդունել ի օգուտ իսրայելցիների:

«Կարծում եմ նախագահը հասկանում է տարածաշրջանի կարիքները, և, ինչպես նա ցանկացել է, Երուսաղեմը հռչակելով որպես Իսրայել պետության միասնական մայրաքաղաք, նա կարևոր ազդանշան կուղարկի»,- նշում է Իսրայելի հեռահաղորդակցության նախարար Այուբ Քարան:

Սակայն հիշեցնենք, որ պաղեստինյան կողմը Արևելյան Երուսաղեմը դիտարկում է որպես իր ապագա պետության մայրաքաղաք: Նախագահ Մահմուդ Աբասն ասել է, որ Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք, անընդունելի է պաղեստինցիների, արաբների և այլոց համար:

«Երուսաղեմի խնդիրը իսրայելա-պաղեստինյան հակամարտության առանցքային խնդիրներից է: Երբ նրանք ճանաչեն այն, նշանակում է, որ ամբողջապես աջակցում են Իսրայելի աջակողմյան ուժերին, որոնք գտնում են, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է, ոչ թե պաղեստինցիների»,- ընդգծում է Բեթղեհեմի բնակիչ Աքրամ Աթալան:

Անցած շաբաթ տարածաշրջանում որոշակի խաղաղության պահպանումից հետո այստեղ կրկին բարձրացավ բռնության նոր ալիք, երբ պաղեստինցի մի տղամարդ դանակով սպանեց իսրայելցի զինվորի, իսկ հրեա մի բնակիչ գնդակահարեց պաղեստինցի մի գյուղացու: Սակայն Քուշները կարծում է, որ ԱՄՆ-ի վարչակազմին կհաջողվի վերահաստատել խաղաղությունը տարածաշրջանում:

«Նախագահն իր գործունեության ընթացքում կարողացել է բազմիցս իրականացնել այնպիսի բաներ, որոնք շատերը համարում էին անհնար: Դրա վերջին օրինակն է ընտրությունները, երբ բազմաթիվ մարդիկ, ովքեր փորձագետներ են, չէին հավատում, որ նա կարող է հաջողության հասնել»,- հայտնել է Քուշները:

Ջարեդ Քուշները ղեկավարում է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի վարչակազմի աշխատանքը։

Facebook Forum

XS
SM
MD
LG