Մատչելի հղումներ

ԿՀՎ-ի նախկին աշխատակցին մեղադրում են Թուրքիայում


Գրահամ Ֆյուլեր
Գրահամ Ֆյուլեր

Թուրքիայի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Գրահամ Ֆյուլերի կալանավորման մասին:

Դատախազությունը մեղադրում է ԱՄՆ-ի Ազգային հետախուզական խորհրդի նախկին փոխնախագահ Ֆլուլլերին` վտարանդի հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:

ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են անցյալ տարվա հուլիսի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Վերջինս հերքում է մեղադրանքները:

«Հուրիեթ» թերթի հաղորդմամբ, դատախազությունը Ֆուլերին մեղադրում է նաև Թուրքիայում օրինական իշխանության տապալման փորձի մեջ:

Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով:

2016 թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո ևս 150 հազար մարդ հեռացվել են զբաղեցրած պաշտոններից կամ ազատվել աշխատանքից ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում:

Այս շաբաթվա սկզբին թուրքական ծագում ունեցող իրանցի ոսկու առևտրականն ԱՄՆ-ի դատարանին տված իր վկայության մեջ հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անձամբ է հաստատել Իրանի հետ համաձայնագիրը, որը շրջանցում էր պատժամիջոցները: Ռեզա Զարաբը հանդիսանում է հիմնական վկա թուրքական բանկի ղեկավար Աթիլայի քրեական գործում, ում մեղադրում են փողերի լվացման կազմակերպման մեջ, որը օգնել է Իրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցները:

Նախագահ Էրդողանը հերքել է Թուրքիայի կողմից ամերիկյան պատժամիջոցների խախտման փաստը: Թուրքիան հերքել է նաև այն տեղեկությունները, թե Սպիտակ տան նախկին խորհրդական Մայքըլ Ֆլինը մասնակցել է Գյուլենին անօրինական կերպով Թուրքիային հանձնելու ծրագրի կազմակերպման մեջ՝ միլիոնավոր դոլարների վարձատրության դիմաց:

Հոկտեմբերին Վաշինգտոնի ու Անկարայի միջև ծագել էր դիվանագիտական սկանդալ, որի արդյունքում կողմերը դադարեցրել էին միմյանց քաղաքացիներին տրամադրել մուտքի վիզաներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG