Մատչելի հղումներ

Զիմբաբվեում զինվորականները նշանակվում են կառավարության բարձր պաշտոններում


Նորանշանակ նախագահ Էմերսոն Մնանգագվա
Նորանշանակ նախագահ Էմերսոն Մնանգագվա

Զիմբաբվեում շարունակվում է նոր իշխանության ձևավորման գործընթացը: Ընդդիմության որևէ ներկայացուցիչ ներգրավված չէ նոր կառավարության կազմում, որով չարդարացան այն սպասումները, որ նոր իշխանությունը կլինի ավելի ընդգրկուն: Փոխարենը նորանշանակ նախագահ Էմերսոն Մնանգագվան կարևոր պաշտոններում նշանակում է բարձրաստիճան զինվորականներին:

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է գեներալ Սիբուսիո Մոյոն, ով առաջինն էր, որ պետական հեռուստաընկերությամբ հայտարարեց զինվորականների կողմից իշխանության գրավման և նախագահ Մուգաբեի տնային կալանքի մասին՝ հերքելով միևնույն ժամանակ, որ Զիմբաբվեում տեղի է ունեցել զինվորական հեղաշրջում: Նա միջազգային հարաբերությունների դոկտոր է, ժամանակին ղեկավարել է «կանաչ բերետներ» էլիտար զորախումբը:

Ռազմաօդային ուժերի հրամանատար Փերենս Շիրին նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Նրա անունը առնչվում է նախագահ Մուգաբեի օրոք արևմտյան Զիմբաբվեում իշխանությունների կողմից զանգվածային բռնությունների իրականացման դեպքերի հետ, որոնց այն ժամանակ զոհ էր գնացել 20 հազար քաղաքացի: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նա պատասխանատու է լինելու երկրի հակասական հողային բարեփոխման համար, որի արդյունքում փոքրամասնություն կազմող սպիտամորթ կալվածատերերից բռնազավթվել էին վերջիններիս հողակտորները։ Այս կա այն տեսակետը, որ հենց դա հանդիսացավ Զիմբաբվեի տնտեսական անկման հիմնական պատճառներից մեկը:

Բացի այդ, տեղեկատվության նախարարի պաշտոնը ստանձնել է ազդեցիկ վետերանների միության ղեկավար Քրիս Մութսվանգվանը, ով նախագահ Մուգաբեի հավատարիմ զինակիցն էր ազգային ազատագրական պայքարի օրերին:

Կառավարության կազմի շատ այլ անդամներ հանդիսանում են նախկին իշխանության ներկայացուցիչներ:

Ընդդիմության ղեկավար Մորգան Թսվանգիրայինն «Ասոշիեթիդ փրես» գործակալությանն ասել է, որ նոր իշխանության հետ չի եղել որևէ երկխոսություն: Նա հիասթափություն է հայտնել նորանշանակ նախագահ Մնանգագվայի գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ նախկին ու նոր իշխանությունների տարբերությունը մեծ չէ: Որոշ կարծիքների համաձայն, նոր նախագահ Մնանգագվան այսպիսով վարձահատույց է լինում այն գործիչներին, ովքեր օգնեցին իրեն ստանձնել երկրի ղեկավարությունը:

Դեռևս թափուր են երկու փոխնախագահների պաշտոնները: BBC-ի հաղորդմամբ չի բացառվում, որ այս պաշտոնը կստանձնի գեներալ Կոնստանտինո Չիվենգը, ով ղեկավարել է երկրում զինվորականների կողմից իշխանության գրավումը:

Հիշեցնենք, որ հեռացած նախագահ Մուգաբեն աշխարհի ամենատարեց առաջնորդն էր, ով նախագահի պաշտոնն էր ստանձնել 1980 թվականին: Երկրում զինվորական հեղաշրջման պատճառով վերջինս 93 տարեկան հասակում լքեց զբաղեցրած պաշտոնը՝ իշխանությունը հանձնելով իր նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվանին:

Մուգաբեի կառավարման տարիներին վերջինս որոշակիորեն բարելավել է սևամորթ մեծամասնության և աղքատների իրավիճակը, սակայն նրա ավտորիտար կառավարումը և տնտեսակայն քաղաքականությունը զգալիորեն վնաս են հասցրել Զիմբաբվեի տնտեսությանը, օտարերկրյա ներդրումներին ու երկրի քաղաքական համակարգին:

Facebook Forum

XS
SM
MD
LG