Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ճնշումները նպաստել են Իրանում համերաշխության աճին, ասում է արտգործնախարար Զարիֆը


Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խոսել է Հռոմում ընթացող համաժողովի շրջանակում և անդրադառձել իրանա-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը Պարսից ծոցում, որը ըստ արտգործնախարարի բնորոշման, «վտանգավոր» է և «սխալ»:

Արտգործնախարարն իր խոսքում քննադատության է ենթարկել Թրամփի վարչակազմին՝ Իրանի միջուկային համաձայնագիրը վերաբանակցելու փորձերի համար: Նա տարակուսանք է հայտնել նաև Քաթարի հարցում ԱՄՆ-ի արձագանքի առնչությամբ:

«Մենք խնդիրներ ունենք Վաշինգտոնի վարած քաղաքականության հետ, և ես կարծում եմ, որ այդ քաղաքականությունը չափազանց վտանգավոր է, զգացմունքային և իրականության հետ կապ չունեցող անկախ նրանից, թե խնդիրը վերաբերում է միջուկային համաձայնագրին, թետարածաշրջանային խնդիրներին: Հիշեք Քաթարի վերաբերյալ թվիթերյան գրառումը: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը վերանայի, վերաիմաստավորի իր քաղաքականությունը՝ փոփոխություններ մտցնելով դրանում»,-հայտարարել է Զարիֆը:

Իրանի արտգործնախարարի խոսքերով Թրամփը չի հասկանում միջուկային համաձայնագրի էությունը և փորձում է ընդամենը խափանել օտարերկրյա ներդրումներն Իրանում:

«Ցավոք սա է Թրամփի վարչակազմի նպատակը: Այս վարչակազմն իր առաջին օրերից փորձել է վախեցնել ներդրողներին՝ խափանելով ներդրումներն Իրանի տնտեսության մեջ: Ի պատիվ ներդրողների, նրանք գալիս են Իրան: Մենք լավ կապեր ունենք եվրոպացիների, ճապոնացիների, չինացիների և շատերի հետ, ովքեր գալիս են Իրան ներդրումներ կատարելու, քանի որ Իրանն ունի անվտանգ ներդրումային միջավայր»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը:

Ջավադ Զարիֆը ղեկավարել է Իրանի պատվիրակությունը միջուկային համաձայնագրի բանակցությունների ժամանակ, որի համար քննադատության է ենթարկվել Իրանի ծայրահեղականների կողմից: Ըստ նրա, այժմ իրավիճակը փոխվել է:

«Ես կարծում եմ՝ Միացյալ Նահանգների ճնշումներն Իրանի ներսում ստեղծեցին ավելի համերաշխ մթնոլորտ: Կարող եմ դատել ինձնով: Ինձ այժմ ավելի քիչ են քննադատում, քան նախքան նախագահ Թրամփի պաշտոնի ստանձնումը: Շնորհակալ եմ նրան դրա համար»,- ասում է արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը քննադատության է ենթարկել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը դեռևս իր նախընտրական քարոզարշավի օրերին՝ այն անվանելով ամենավատ բանակցած ամերիկյան համաձայնագիր, որը պետք է վերաբանակցել: Ընտրվելուց հետո նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը խախտում է համաձայնագրի էությունը և կոչ արել Կոնգրեսին վերականգնել պատժամիջոցները:

Facebook Forum

XS
SM
MD
LG