Մատչելի հղումներ

Բրեքզիթը կարող է ապակայունացնել իրավիճակը Հյուսիսային Իռլանդիայում


Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիան Բրեքզիթի իրականացման պարագայում կհայտնվի Եվրամիության կազմից դուրս, որը շատերի մոտ մտավախություն է առաջացրել, որ այն կարող է ապակայունացնել իրավիճակը դեռևս 1990-ականներին խնդրահարույց այս երկրամասում: Բրեքզիթից հետո Հյուսիսային Իռլանդիայի և Եվրամիության անդամ Իռլանդիայի Հանրապետության միջև 500 կիլոմետրանոց սահմանը կվերածվի ցամաքային սահմանային միակ գոտուն Միացյալ Թագավորության և Եվրամիության միջև:

Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված խնդիրը այսօր խոչընդոտում է Բրեքզիթի բանակցությունների հետագա ընթացքին: Խնդրահարույց պատմություն ունեցող այս երկրամասի բնակչության մտավախությունն է, որ Բրեքզիթը կհանգեցնի Եվրամիության շնորհիվ վերացված սահմանների վերականգմանը:

«Եվրամիության ամբողջ գաղափարը սահմաններիը վերացնելու մասին էր, և այժմ մենք վերադառնում ենք հետ այն իրողությանը, երբ իռլանդական կղզում կլինեն սահմաններ: Սա խենթություն է»,- ասում է Քեյֆալ Շորթը «Սահմանային համայնքներն ընդդեմ Բրեքզիթի» կազմակերպությունից:

«Այստեղ սահմանային անցումային կետի բացումը բարդություններ կստեղծի և կավելացնի ծախսերը: Ինչ-որ մեկը պետք է հոգա հավելյալ ծախսերը, քանի որ սահամանային գոտում գործող բիզնեսներն ի վիճակի չեն վճարել այն»,- ասում է հրուշակեղենի արտադրության սեփականատեր Մայքլ Ուոդելը:

«InterTradeIreland» կազմակերպությունն աշխատում է սահմանի երկու կողմում հայտնված ընկերությունների հետ՝ փորձելով պատրաստել վերջիններիս Բրեքզիթին ու դրանից բխող հետևանքներին: Ըստ կազմակերպության գնահատականների, վատագույն սցենարի պարագայում սահմանային առևտուրը կնվազի մոտ 8 տոկոսով:

Սակայն Իռլանդիայի Հանրապետությունում Բրեքզիթի հետևանքները Հյուսիսային Իռլանդիայի համատեքստում դիտարկում են որպես «աղետալի»:

«Մեր առևտրի հիմնական մասն իրականացվում է այսպես կոչված բրիտանական ցամաքային կամրջի միջոցով»,- ասում է Իռլանդական արտահանողների միության ղեկավար Սիմոն Մաքքեևերը:

Իռլանդական սահմանային խնդիրը Բրեքզիթի բանակցությունների ամենակարևոր խնդիրներից է: Եվրամիությունը պնդում է, որ այս խնդիրն անհրաժեշտ է կարգավորել նախքան ապագա հարաբերությունների վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելը:

Իսկ այդ ընթացքում Քրոսմագլենի ու սահմանային այլ համայնքների բնակչությանը մնում է միայն սպասել բանակցությունների վերջնական արդյունքներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG