Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան իր հրթիռներով շարունակում է զայրացնել աշխարհին


Հյուսիսային Կորեան երեքշաբթի երեկոյան նորից երկինք արձակեց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ՝ մեկ անգամ եւս ստիպելով աշխարհին խորհել, թե ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել մեկուսացված այդ պետությանն ավելի մեկուսացնելու համար։ Սակայն մինչ աշխարհը մտածում է, Հյուսիսը շարունակում է նոր ու ավելի վտանգավոր փորձարկումները։

Հյուսիսային Կորեան իրականացրեց հրթիռային իր հերթական փորձարկումը։ Երեքշաբթի օրը երեկոյան արձակված հրթիռը 5Օ րոպեում անցավ 155Օ կմ՝ ընկնելով Ճապոնիայի ջրային տարածքից 25Օ կմ հեռավորության վրա։ Ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսն ասաց, այն հավաքել է այդ երկրից արձակված նախկին հրթիռների համար աննախադեպ բարձրություն՝ 4 հազար 5ՕՕ կմ։ Եվ նրա խոսքերով, Հյուսիսը կառուցում է հրթիռներ, որոնք սպառնում են ամբողջ աշխարհին։

Հարավային Կորեան ժամանակ չկորցրեց մոտ նշանառության հրթիռ արձակելով, որն ընկավ ծովի մեջ՝ հայտարարելով, թե Հյուսիսն անխոցելի չէ։

Հյուսիսի խոցելիության մասին է պնդում նաեւ Սեուլի համալսարանի ռազմական հարցերով մասնագետ Դանիել Փինքստոնը։

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաեինի խոսքերով, Փհենյանի գործողությունը վտանգի տակ է դնում աշխարհում խաղաղությունն ու անվտանգությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու կոչով է հանդես գալիս Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, առանց մանրամասնություններ ներկայացնելու, հայտարարում է, ՝՝Մենք կլուծենք այդ հարցը՛՛։

Ավելի ուշ, Չինաստանի նախագահ Սի Ջինպինի հետ հեռախոսային զրույց անցկացնելուց հետո, Թրամփը խոստացել է, որ հավելյալ ու ավելի խոշորամասշտաբ պատժամիջոցներ են կիրառվելու ընդդեմ Հյուսիսային Կորեայի։ Հիշեցնենք, որ Չինաստանը Հյուսիսի տնտեսական այսպես ասած մայրուղին է, ու այս երկրի դեմ տնտեսական ճնշումները մեծապես կախված են հենց Պեկինից։

Թրամփի խոսքերով, պատժամիջոցները կսկսվեն անմիջապես։

Սակայն որքան էլ Հյուսիսին սպառնան պատժամիջոցներով, այս երկիրը, ավելի ճիշտ՝ այս երկրի իշխանությունները չեն հրաժարվի իրենց ո՛չ հրթիռային, ո՛չ էլ միջուկային ծրագրերից, ասում են վերլուծաբանները։

Դանիել Փինքստոնի խոսքերով, այդ ծրագրերը Հյուսիսի դեմքն են, իրենց ազգային անվտանգության քաղաքականության հիմքը։ ՝՝Նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները համարում են անօրինական եւ կշարունակեն անտեսել դրանք՛՛, ասում է նա։

Հիշեցնենք, որ Փհենյանը պնդում է, թե իրեն հարկավոր են ռազմական ավելի հզոր միջոցներ՝ ԱՄՆ-ի կողմից որեւէ հարձակում կանխելու համար։

Ամերիկայի Մտահոգ գիտնականների միությունը հայտարարել է, թե ի տարբերություն Հյուսիսի կողմից նախկինում արձակված հրթիռներին, որոնք առավելագույնը կարող էին հասնել մինչեւ Հավայան կղզիներ, վերջին այս հրթիռը կարող է անցնել 13 հազար կմ տարածություն, ինչը նշանակում է, որ թիրախ կարող է դառնալ ԱՄՆ-ի որեւէ հատված։ Միակ բանը, որը պակասում է հյուսիսկորեական հրթիռների համար այն է, որ ըստ ամերիկացի մասնագետների, դրանք դեռեւս չունեն միջուկային հզոր մարտագլխիկ կրելու կարողություն։

Facebook Forum

XS
SM
MD
LG