Մատչելի հղումներ

Ռուսաստանը գործարքների մեջ է մտնում իրենց ժողովուրդներին բռնացող ղեկավարների հետ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար


Ազատություն, հավասարություն եւ մարդկային արժանապատվություն,սրանք են ըստ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները: Խոսելով Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում, պետքարտուղարն ընդգծել է՝ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ իր բոլոր դաշնակիցները լինեն հզոր, ինքնավար եւ բարգավաճող՝ համամարդկային արժեքները միասին պաշտպանելու համար.

«Նախագահ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները շարունակում է նվիրված մնալ Եվրոպայի հետ մնայուն համագործակցությանը: Մեր հանձնառությունը մեր դաշնակիցներին անսասան է»:

Մարտահրավերների թվում Թիլերսոնն առաջին հերթին նշում է Ռուսաստանից սպառնացող վտանգը եւ միջազգային ահաբեկչությունը.

«Նախկինում Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փորձերն ինքնախաբեություն էին: 2008-ին Ռուսաստանը ներխուժեց հարեւան Վրաստան, իսկ 2014-ին՝ Ուկրաինա: Ռուսաստանն այսօր էլ շարունակում է ահաբեկել հարեւաններին, միջամտել այլ երկրների ընտրություններին եւ աջակցել հակաժողովրդավարական արժեքների տարածմանը»:

Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Մոսկվային վերջ տալ Ուկրաինայի հակամարտությանը.

«Ռուսաստանը նախընտրել է խախտել Եվրոպայի խոշորագույն երկրներից Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, եւ Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ ուս ուսի տված փորձում է հակազդել Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»:

Չնայած խնդիրներին, Արեւմուտքը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղիներ փնտրել.

«Եվրոպան եւ Միացյալ Նահանգները, միեւնույն է, ցանկանում են Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատել, սակայն Ռուսաստանն ի պատասխան փորձում է նոր հետխորհրդային ուժերի հավասարություն հաստատել, որում Ռուսաստանն իր միջուկային զենքի միջոցով կարող է իր կամքը պարտադրել մյուսներին»:

Ավելին, Մոսկվան փորձում է սեպ խրել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ: Փորձեր, որոնք, ըստ պետքարտուղար Թիլերսոնի, հաջողությամբ երբեք չեն հռչակվի.

«Գարծարքների մեջ մտնելով իրենց սեփական ժողովուրդներին բռնացող ղեկավարների հետ, փորձելով քաղաքականացնել իր էներգակիրները, առցանց հարձակումներ եւ ապատեղեկատվության քարոզարշավ իրականացնելով, Ռուսաստանը գործում է պատասխանատու պետությանը ոչ հարիր: Հարեւանների վրա հարձակումներով ու ճնշելով հնարավոր չի լինի բարելավել Ռուսաստանի քաղաքացիների կյանքը»:

Փոխարենը Ռուսաստանը կարող է դառնալ Արեւմուտքի հուսալի գործընկերն ու բարեկամը, սակայն ընտրությունը Մոսկվայինն է.

«Ռուսաստանը կարող է շարունակել ինքն իրեն մեկուսացնել՝ դեպի այլ երկրներ ապակայունություն արտահանելով կամ՝ կարող է դառնալ մի ուժ, որը ազատություն եւ կայունություն կհաստատի ամբողջ Եվրասիայում»:

Վերջին տարիները եւս մի կարեւոր խնդիր բացահայտեցին: Ռեքս Թիլերսոնի խոսքով, ակնհայտ դարձավ, որ էներգակիրները կարող են ոմանց կողմից որպես զենք օգտագործվել՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու նպատակով: Այդ պատճառով, ըստ պետքարտուղարի, ԱՄՆ-ը հատուկ ռազմավարություն է մշակում.

«Մենք կերաշխավորենք, որ ոչ մի երկիր այլեւս չօգտագործի իր էներգետիկ պաշարները՝ այլ պետությունների վնասելու նպատակով»:

Միացյալ Նահանգները պատրաստ է պայքարել նոր վտանգների դեմ, սակայն, միայնակ չի կարող հաջողության հասնել, նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Միայն դաշնակիցների հետ միասին, որոնց թվում է ամբողջ առաջադեմ աշխարհը, հնարավոր է դիմակայել եւ պաշտպանել վտանգված ազատությունը, ավելացրել է Թիլերսոնը, նշելով, որ ազատության արժեքը Եվրոպայում լավագույնս են գիտակցում նախկին Խորհրդային Միության երկրները, որոնց ժողովուրդներն իրենց ազատության համար թանկ գին են վճարել:

Facebook Forum

XS
SM
MD
LG