Մատչելի հղումներ

Զիմբաբվեն մտածում է ներելու կամ պատժելու մասին


Չիմբաբվեում վերջերս իրականացվեց երկար սպասված իշխանափոխություն։ Պաշտոնից հեռացավ երկիրը 37 տարի ղեկավարած Ռոբերտ Մուգաբեն։ Սակայն հիմա ինչ ուղով պիտի ընթանա երկիրը, վերջնական կողմնորոշում դեռեւս չկա՝ համատարած ներման, թե համատարած պատժի։

Ռոբերտ Մուգաբեի 37-ամյա կառավարումից հետո իշխանության եկած Էմերսոն Մնանգագվան գտնում է, որ մարդու իրավունքներից զուրկ, տնտեսապես ծանր վիճակում ու կոռուպցիայի մեջ խեղդվող իր երկրում առաջընթաց ապահովելու համար հարկավոր է նախ եւ առաջ ընտրել ներողամտության ուղին։ Սակայն նոր նախագահի խոսքերից մեկ օր անց այստեղ ձերբակալում են Մուգաբեի ժամանակաշրջանի նախարարներից Իգնատուս Չոմբոյին՝ համատարած կոռուպցիայի մեղադրանքներով։
Ինչպես նախկին նախարարի փաստաբան Լավմոր Մադհուկուն է ասում, ՝՝ Իմ պաշտպանյալի հետ կոռուպցիային առնչվող վերջին դեպքն ունի 12 տարվա վաղեմություն։ Այսինքն՝ իշխանությունները պարզապես փորձում են, նրան օգտագործելով, ցույց տալ, որ պայքարում են ընդդեմ կոռուպցիայի։ Սա խաբկանք է՛՛։

Մարդու իրավունքների պաշտպան խմբերն էլ հայտարարում են, թե շատ ավելի մեծ հանցագործություններ իրականացրած պաշտոնյաներ կան, որոնք այսօր կարծես հայտնվում են պաշտպանության ներքո։
Նրանցից Բեաթրիս Մթեթվայի խոսքերով, եթե իրականացվում են հանցագործություններ, պիտի բոլոր մեղավորները ձերբակալվեն։

՝՝Այն չպիտի լինի ընտրովի, չպիտի կախված լինի այն հանգամանքից, թե տվյալ անձը որ խմբակցության անդամ է։ Եթե օրենքը կիրառվելու է անցյալի սխալներն ուղղելու համար, այդ օրենքը պիտի կիրառվի բոլորի նկատմամբ՛՛։

Զիմբաբվեում շատերը չեն ուզում, որ նախկին առաջնորդները շարունակեն հանգիստ կյանքը եւ շարունակեն արժանանալ փառքի։ Նրանցից Փաթսոն Ձումարայի ավագ եղբորը 2Օ15 թվականին էին առեւանգել՝ Մուգաբեի իշխանությանը ընդդիմանալու համար։ Մինչ այսօր հայտնի չէ նրա գտնվելու վայրը։

՝՝Իսկ այդ ժամանակներում ներկա նախագահ Էմերսոն Մնանգագվան կարեւոր դեր էր խաղում։ Այսինքն՝ նա նույնպես մեղավոր է։ Նա այդ կառավարության մասն էր կազմում։ Եվ այդ ամենը գորգի տակ խցկելով ու հայտարարելով, թե կյանքն առաջ է գնում, մենք առաջ չեն գնա՛՛, ասում է նա։

Եկեղեցին, որը մեծ տեղ ունի Զիմբաբվեի կյանքում, նույնպես այն տեսակետի կողմնակիցն է, որ մեղավորներն ինչ որ պատասխան պիտի տան։
Ինչպես հոգեւորականներից Քրիս Օփարոչան է հիշեցնում, Զամբիայում իշխանափոխությունից հետո նախկին նախագահ Չիլուբան չստացավ անձեռնմխելիության իրավունք։ ՝՝Չիլուբան պատասխան տվեց իր արածների համար։ Մուգաբեին ցմահ գուցե չդատապարտեն, սակայն նրա գործած չարիքներն ինչ որ կերպ հարկավոր է վեր հանել՛՛։

Այո Զիմբաբվեում ուզում են գնալ առաջ։ Իրար ներելու, թե՝ մեղավորներին պատժելու միջոցով, դեռեւս չեն կարողանում կատարել ընտրություն։ Սակայն գիտեն, որ եթե պատժում են, պիտի պատժեն բոլոր մեղավորներին։

Facebook Forum

XS
SM
MD
LG