Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն էր տրամադրում Դաեշ-ի դեմ պայքարող ռազմական խմբավորումներին Սիրիայում: Այժմ երբ այսպես կոչված խալիֆայությունը գրեթե տապալված է, Վաշինգտոնը վերանայում է իր ռազմական օգնության տրամադրման քաղաքականությունը: Դրա մասին տեղեկացրել է Սպիտակ տունը:
«Դաեշ-ի դեմ հաղթարշավի և այսպես կոչված խալիֆայության վերացման արդյունքում մենք կնվազեցնենք ռազմական օգնության տրամադրումը որոշ ռազմական խմբավորումներին: Դա չի նշանակում, որ աջակցությունն ամբողջապես կդադարի այդ խմբավորումներին»,- հայտարարել է խոսնակ Սառա Սանդերսը:
Սպիտակ տունը չի հաստատել, որ ԱՄՆ-ը որևէ խոստում է տվել Թուրքիային, սակայն Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը օրերս ողջունել է, ինչպես ինքն է ասել, նախագահ Թրամփի որոշումը:
«Պարոն Թրամփը հասկացել է, թե ինչն է կարևոր Թուրքիայի համար: Դաեշ-ի դեմ պայքարի Թուրքիայի քաղաքականությունն ի սկզբանե պարզ էր: Մեր ասածը հետևյալն էր՝ եթե ցանկանում եք պայքարել Դաեշ-ի դեմ, ապա պետք է ընտրեք ճիշտ գործընկեր: Չես կարող պայքարել ահաբեկչական կառույցի դեմ՝ օգտագործելով այլ ահաբեկչական կազմակերպություն»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Անկարան դիտարկում է Սիրիայում քրդական զորամիավորումները որպես ահաբեկչական խմբեր, որոնք կապված են Քրդական աշխատավորական կուսակցության հետ, որը պայքարում է անկախ Քրդստան հիմնելու համար: ԱՄՆ-ն իր հերթին սիրիական քրդական զորամիավորումներին դիտարկում էր որպես Դաեշ-ի դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժ և համապատասխան աջակցություն ցուցաբերում ի հակառակ Թուրքիայի դիրքորոշմանը:
Սիրիայում քրդական պաշտոնական կողմը հերքում է որևէ փոփոխություն Դաեշ-ի դեմ պայքարող սիրիական ռազմական խմբերին ամերիկյան ռազմական օգնության տրամադրման քաղաքականության մեջ:
«Մենք սխալ և ոչ ճշգրիտ ենք համարում Թուրքիայի հայտարարությունը: Ամերիկյան կողմի և Սիրիայի ժողովրադավարական ուժերի համագործակցության քաղաքականության հարցում չկա որևէ փոփոխություն: Նույն էլ վերաբերում է քաղաքական հարաբերություններին և համագործակցությանը հյուսիսային Սիրիայի դաշնային առաջնորդների հետ»,- հայտարարել է Քրդական ինքնավար ուժերի արտաքին կապերի պատասխանատու Աբդուլ Քարիմ Օմարը:
Սակայն հասարակ քուրդ քաղաքացիներն ավելի հոռետես են ամերիկյան օգնության տրամադրման հարցում:
«Ես կարծում եմ, որ այն պահից, երբ ԱՄՆ-ը չունենա որևէ շահ այստեղ, այն կդադարի օգնության տրամադրումը Քրդական ինքնապաշտպանական զորամիավորումներին և բռնակալության քմահաճույքին կհանձնի այստեղ ապրող բոլոր ճնշված մարդկանց: Սա է Միացյալ Նահանգների քաղաքականությունը հյուսիսային Սիրիայում» ,- ասում է սիրիացի քուրդ Ֆայիս Ահմեդը։
Թրամփի վարչակազմն այդպես էլ պարզություն չի մտցրել այն հարցում, թե արդյոք քրդական կողմի հետ քննարկվել է ԱՄՆ-ի հետ սիրիացի քրդերի հարաբերությունների ապագան, հատկապես այս փուլում, երբ Դաեշ-ի դեմ պայքարը մոտենում է ավարտին Սիրիայում:
Facebook Forum