Ժնևում երեքշաբթի օրը վերսկսվել են բանակցությունները Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև: Չնայած դրան՝ տեղ-տեղ շարունակվում են ռմբակոծումներն ու հրթիռակոծումները:
Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության խումբը տեղեկացնում է, որ արևելյան Սիրիայում ռուսական ուժերի կողմից Դաեշ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների հրթիռակոծումների արդյունքում զոհվել են ավելի քան 50 խաղաղ բնակիչներ: Մոսկվան հաստատել է հրթիռակոծման փաստը, սակայն ընդգծել, որ սպանվել են միայն զինյալներ:
Ռուսաստանը ակտիվորեն ներգրավվել է հակամարտության մեջ 2015 թվականից, որն օգնել է նախագահ Ասադին վերականգնել վերահսկողությունը զիջած տարածքների զգալի մասում:
«Այժմ Ռուսաստանը ստանձնել է խաղաղարարի դեր, սակայն դա ուղակի ռազմական ներխուժում էր, որը ձեռնարկվել էր Բաշար Ասադի հաղթանակն ապահովելու համար»,- ասում է Ջեյն Քինինմոնթը Չեթեմ Հաուս հաստատությունից:
Բացի այդ, Ասադին օգնեց նաև ընդդիմության պառակտվածությունը: Չնայած դրան ՝ Ժնևում ընդդիմությունը ներկայացված է միասնական պատվիրակությամբ, որը պահանջում է Ասադի ամբողջական հեռացում Սիրիայի քաղաքական կյանքից:
«Բանակցային սեղանին դրված ամեն ինչ քննարկման ենթակա է»,-նշում է ընդդիմադիր պատվիրակության ղեկավար Նասր ալ Հարիրին:
Արևմտյան տերությունները մեղադրում են Ասադին մարդու իրավունքների խախտումների, ներառյալ՝ խաղաղ ազգաբնակչության դեմ իրականացված ռմբակոծումների, համատարած սպանությունների և ճնշումիջոցների մեջ։
Ռուսաստանն ու Իրանը աջակցում են կառավարական ուժերին, իսկ Արևմտյան տերությունները, ներառյալ ԱՄՆ-ը՝ օժանդակում Դաեշ-ի դեմ պայքարող ընդդիմությանը: ԱՄՆ-ն աջակցում է նաև քրդական զորամիավորումներին, ինչը զայրացնում է հակամարտության մեջ ներգրավված Թուրքիային: Վերջինս պահանջում է դադարեցնել քրդական զորամիավորումների զինումն ու հետ վերցնել նրանց տրամադրած զենքերը:
«Սիրիայի հակամարտության պատճառը ներքաղաքական էր, սակայն հետագայում այն վերածվեց միջազգային հակամարտության խոշոր տերությունների ներգրավման հետևանքով: Վերջիններս ցանկանում են այժմ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչը հնարավորություն է ստեղծում մասնակիորեն նվազեցնել լարվածությունը, սակայն դա չի լուծում առաջնային ներքաղաքական խնդիրը՝ պայքարը բռնակալության դեմ»,- ընդգծում է Քինինմոնթը:
Խոշոր տերությունները փորձում են ազդել խաղաղ բանակցությունների ընթացքի վրա: Ռուսաստանը ձեռնարկել էր առանձին բանակցային գործընթաց անկախ ժնևյան բանակցություններից: Այս բանակցություններին մասնակցելու հարցում սիրիական ընդդիմությունը միակարծիք չէ:
Միևնույն ժամանակ Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահներ Թրամփն ու Պուտինն անցած շաբաթ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ժնևյան բանակցությունների կարևորությունը:
Facebook Forum