Բժիշկ Էնթոնի Ֆաուչին 1980-ականներից, երբ ՁԻԱՎ-ի ախտորոշումը համահունչ էր մահվան դատավճռի, աշխատում է հիվանդության բուժման ուղղությամբ: Այժմ նրա գնահատականները չափազանց լավատեսական են:
«Այժմ մենք ունենք չափազանց արդյունավետ դեղամիջոցներ, որոնք տարիների ընթացքում ապացուցել են, որ կարող են ոչ միայն փրկել հիվանդի կյանքը, այլ նաև նվազեցնել վարակի աստիճանն այնքան, որ անհնարին դարձնեն դրա փոխանցումն այլ մարդու»,- ասում է բժիշկ Ֆաուչին:
Բուժումն այժմ չափազանց պարզեցված է, և բազմաթիվ հիվանդներ նոր զարգացող երկրներում ունեն հնարավորություն ստանալու այն: Բացի այդ, «Truvada» անունով նոր դեղորամիջոցը թույլ է տալիս առողջ մարդկանց խուսափել ՄԻԱՎ-ի վարակից:
ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի դեմ ՄԱԿ-ի ծրագրի վերջին զեկույցի հաղորդմամբ, այս պահին ՄԻԱՎ-ով հիվանդների կեսը ստանում է համապատասխան բուժում, սակայն շուրջ 16 միլիոն վարակված մարդ չի ընդունում որևէ դեղամիջոց: Նրանցից շատերը տեղյակ չեն, որ կրում են ՄԻԱՎ- և փոխանցում են այն ուրիշ մարդկանց:
«Մեզ անհրաժեշտ է ՄԻԱՎ-ի դեմ պատվաստում՝ վարակի առաջը վերջնականապես առնելու համար»,- ասում է Էնթոնի Ֆաուչին:
Պատվաստանյութը փորձարկվել է Թայլանդում և 31 տոկոսով դրական արդյունքներ ստացել: Գիտնականների խնդիրն է այժմ պատվաստանյութի արդյունավետությունը հասցնել 99 տոկոսի այլ հիվանդությունների նման:
«Չեմ կարծում, որ կկարողանանք հասնել նման արդյունավետության, սակայն եթե անգամ ստանանք 50-60 տոկոս, ապա այլ միջոցների հետ մեկտեղ կկարողանանք զգալիորեն կրճատել վարակումն ու մեկ օր վերջնականապես վերացնել այն»,- նշում է բժիշկ Ֆաուչին:
Այս պահին մեկ այլ պատվաստանյութ փորձարկվում է Հարավային Աֆրիկայում, սակայն դեռևս շատ վաղաժամ է որևէ գնահատական տալ այս փորձերին:
ՄԱԿ-ի տեղեկությամբ 2000 թվականից ի վեր ՄԻԱՎ-ի վարակումը կիսով չափ նվազել է Արևադարձային Աֆրիկայի երկրներում, սակայն Արևելյան Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում վերջին մի քանի տարիներին գրանցվել է ՄԻԱՎ-ի վարակի 60 տոկոսանոց աճ:
Բժիշկ Էնթոնի Ֆաուչին համաձայն է ՄԱԿ-ի զեկույցի գնահատականներին, ըստ որի, վարակի վերացման խնդիրը կապված է նրա հետթե որքան ջանք և միջոցներ կտրամադրի միջազգային հանրությունը՝ այս նպատակին հասնելու համար:
Facebook Forum