Մատչելի հղումներ

Մեկնարկել է Ֆրանցիսկոս Պապի այցը Մյանմար


Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանել է Մյանմար՝ Ռոհինգիայի փախստականների հետ կապված խնդրի վրա համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելու համար:

Մայնմարի Յանգոնի օդանավակայանում Ֆրանցիսկոս Պապին դիմավորել են տեղի հոգևոր առաջնորդները: Կաթոլիկները Մյանմարի ամենափոքր կրոնական փոքրամասնությունն են, սակայն Յանգոնի փողոցները լեփ-լեցուն էին: Մարդիկ Վատիկանի դրոշներով ողջունում էին Կաթոլիկ եկեցեցու առաջնորդին:

«Ես չափազանց ուրախ եմ այստեղ գտնվելու ու Ֆրանցիսկոս Պապին ողջունելու համար: Հուսամ, նա բոլորին կուղարկի իր սիրո և խաղաղության ուղերձը»,- ասում է Մարինա անունով գործարար կինը:

Այցի ընթացքում Ֆրանցիսկոս Պապը երկրի քաղաքացիական և ռազմական ղեկավարության հետ, ներառյալ փաստացի առաջին դեմք Օնգ Սան Սու Չիի, բանակի հրամանատար Մին Աունգ Հլայինգի և բուդդիստ հոգևոր առաջնորդների, կքննարկի Ռոհինգիայի մահմեդականների նկատմամբ իրականացված բռնությունները, գործողություններ, որոնք, Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի բնորոշմամբ, եղել են էթնիք զտումներ մահմեդականների նկատմամբ:

Մամուլի հաղորդման համաձայն, Հռոմի Պապը Յանգոնի արքեպիսկոպոսի առանձնատանը հանդիպել է գեներալ Մին Աունգ Հլայինգի հետ: Վերջինիս գրասենյակը տեղեկացնում է, որ գեներալը հավաստիացրել է հովվապետին, որ Մյանմարում չկա որևէ կրոնական խտրականություն, և երկրի զինված ուժերը ևս հավատարիմ են երկրում խաղաղությանն ու անվտանգությանը:

Վատիկանի խոսնակն իր հերթին հաղորդել է, որ կողմերը քննարկել են երկրի ղեկավարության պատասխանատվության ստանձնման կարևորությունը երկրի համար անցումային այս դժվար փուլում:

Այցի կարևոր հարցերից է, թե արդյոք հովվապետը կօգտագործի «Ռոհինգյա» բառը՝ խոսելով բռնության ենթարկված մայմեդակաների մասին,: Մյանմարի ղեկավարությունը հրաժարվում է օգտագործել այս անվանումը՝ փոխարենը կիրառելով «Բենգալի» անունը և ընդգծելով, որ նրանք չեն հանդիսանում էթնիկ փոքրամասնություն, քանի որ անօրինական կերպով ներգաղթել են Մյանմար Բանգլադեշից: Բանգլադեշն իր հերթին չի ճանաչում Ռոհինգյայի մահմեդականներին որպես իր քաղաքացիներ:

Հովվապետը նախկինում օգտագործել էր Ռոհինգյա բառը այս համատեքստում, սակայն ինչպես հայտնում են մամուլի աղբյուրները, տեղի կաթոլիկ ղեկավարությունը խնդրել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին խուսափել այցի ընթացքում Ռոհինգյա բառի օգտագործումից՝ իրավիճակը չսրելու համար:

Այցի ընթացքում նախատեսվում է Ֆրանցիսկոս Պապի այցը Բանգլադեշ, ուր հանգրվանել էին շուրջ 600 հազար մահմեդական փախստականներ՝ խուսափելով բռնություններից։ Հովվապետի այցի ծրագիրը չի նախատեսում այցելություն փախստականների ճամբար, սակայն Բանգլադեշի մայրաքաղաքում նա կհանդիպի մի խումբ փախստականների հետ:

Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ Բանգլադեշն ու Մյանմարը եկել են համաձայնության՝ մահմեդական փախստականներին Մյանմար վերադարձնելու կապակցությամբ, սակայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը նշում է, որ Մյանմարի Ռահայնի շրջանում իրավիճակը հեռու է կայուն կոչվելուց՝ մահմեդականների անվտանգությունն ու խաղաղ կյանքը ապահովելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG