Մատչելի հղումներ

Թուրքիայի իրավապաշտպանները՝ ճաղերի հետեւում


Միջազգային իրավապաշտպանները կոշտ քննադատության են ենթարկել Ստամբուլի դատարանի որոշումը, որն ուժի մեջ թողեց հայտնի թուրք իրավապաշտպան Թաներ Քիլիքի ձերբակալությունը: Քիլիքին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են իշխանափոխության փորձի մեջ, սակայն դատը դեռ տեղի չի ունեցել:

Amnesty International կազմակերպությունը, որի թուրքական բաժնի ղեկավարն է հանդիսանում Թաներ Քիլիքը, իր ներկայացուցիչների միջոցով մեղադրանքներն «անհեթեթ» է որակել.

«Իրավապաշտպանների ձերբակալությունը կրկնակի խնդիր է, քանի որ փաստորեն ձերբակալում են հենց այն մարդկանց, ովքեր պետք է պաշտպանեն ձերբակալվածների իրավունքները», - ասում է Amnesty International-ի ներկայացուցիչ Միլենա Բույումը:

Թաներ Քիլիքին մեղադրում են նաեւ 2016-ի իշխանափոխության փորձ կազմակերպիչների հետ համագործակցության մեջ: Մեղադրանքը միջազգային լուրջ արձագանք է ստացել, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մերժել է իրավապաշտպաններին ազատ արձակելու բոլոր կոչերը, պնդելով, որ Միացյալ Նահանգներն, աջակցելով իրավապաշտպաններին, թուլացնում է Թուրքիան:

Իրավապաշտպաններն իրենց հերթին նշում են, որ Թուրքիայի իշխանությունները զանգվածային ձերբակալություններով փորձում են լռեցնել մարդու իրավունքները երկրում: Հանձնվել սակայն իրավապաշտպանները չեն պատրաստվում:

«Մեր ընկերները դեռ ճաղերի հետեւում են, Amnesty International-ի թուրքական բաժնի ղեկավարը դեռ ազատազրկված է, եւ մենք կշարունակենք պայքարը, մինչ բոլոր իրավապաշտպաններն ազատ արձակվեն», - ասել է Amnesty International – Թուրքիայի ղեկավարի պաշտոնակատար Իդիլ Էսերը:

Թուրքիայում շարունակվող արտակարգ իրավիճակի պայմաններում իշխանությունները շարունակում է անազատության մեջ պահել իշխանափոխության փորձի մեղադրանքով ավելի քան 50000 մարդ:

Facebook Forum

XS
SM
MD
LG