Մատչելի հղումներ

Ռատկո Մլադիչի ցմահ ազատազրկման նկատմամբ վերաբերմունքը 


Հաագայի միջազգային դատարանը բոսնիացի սերբերի բանակի հրամանատար Ռատկո Մլադիչին ցմահ ազատազրկման դատապարտեց ցեղասպանություն իրականացնելու և մարդկության դեմ իրագործած մի շարք հանցագործությունների համար: Բայց վերաբերմունքն այս վճռի նկատմամբ միատարր չէ։

Հաագայի պատերազմի հանցագործությունների հարցերով միջազգային տրիբունալը չորեքշաբթի օրը կայացրեց «Բոսնիայի դահիճ» մականվամբ հայտնի Ռատկո Մլադիչին ցմահ ազատազրկելու մասին որոշում։

«1995 թվականի հուլիսի 13-ին շուրջ 1000 անզեն բոսնիացի մահմեդական տղամարդիկ, ինչպես նաև՝ երեխաներ ու տարեցներ են սպանվելԿրավիցայի պահեստներից մեկում, իսկ 1995 թվականի հուլիսի 16-ին, Բրանյեվոյի ռազմաբազայում ևս՝1000-ից-1200- մարդ», - հայտարարել է դատավոր Ալֆոնս Օրին:

Դատավոր Ալֆոնս Օրին շարունակել է հերթով թվարկել 1992-1995 թվականներին նախկին Հարավսլավիայի հակամարտության ընթացքում մարդկության դեմ Մլադիչի իրականացրած բոլոր հանցագործությունները:

Մլադիչը դատավաճռի ընթերցմանը ներկա չէր դատական նիստերի դահլիճում: Նրան հեռացրել էին դատավորի վրա բղավելու համար:

Նշենք, որ Ռատկո Մլադիչի դեմ 11 մեղադրանքներ են առաջադրվել՝ ցեղասպանության իրականացման, մարդկության դեմ կատարած հանցագործությունների, ինչպես նաև՝ Սարաևոյի քաղաքացիական ազգաբնակչության դեմ դիպուկահարներ օգտագործելու համար:

Մլադիչին նաև մեղադրում են Սերեբրինիցայում 1995 թվականին շուրջ 8 հազար մահմեդական տղամարդկանց և երեխաների սպանդի կազմակերպման մեջ:

Տուժածների հարազատներից ոմանց համար այս դատավճիռը որոշ առումով հաշտեցնող սփոփանք էր:

«Ամուսինս 42 տարեկան էր, երբ նրանքմեկուսացրին: Նա մեր 8 ամսական թոռնիկի հետ էր: Նրանք երեխային խլել էին ամուսնուս ձեռքերից: Թոռնիկս այժմ 22 տարեկան է: Նա հաճախ է այցելում պապու շիրմին ու աղոթում: Այսօր ես ավելի քան երջանիկ եմ՝ չնայած այն վիշտն ու ցավը, որն ապրեցի 1995 թվականին», ասում է Սերեբրենիցայի և Զեպայի մայրերի ընկերակցությունից Նեդզիբա Սալիհովիչը:

Հիշեցնենք, որ Մլադիչի դատավճիռը հաջորդեց Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչի 2016 դատավճռին:

Բոսնիա-Հերցեգովինայի բաժանումը այսօր, սակայն,ավելի խորն է քան երբևէ: Բոսնիայի Սերբական Հանրապետությունում աջակցում են Ռատկո Մլադիչին և գտնում որ նա անմեղ է:

Ինչ վերաբերում է Սերբիային, ապա այս երկրի նախագահը ապշած չէ Հաագայի միջազգային դատարանի կայացրած դատավճռից և գտնում է, որ հիմա ժամանակն է առաջ նայել:

Ռադկո Մլադիչի փաստաբանը մտադիր է բողոքարկել Հաագայի դատավճիռը, սակայն վերլուծաբանները գտնում են, որ դատավճիռն անբեկանելի է:​

XS
SM
MD
LG