Մատչելի հղումներ

Ռուսաստանը միացել է արգենտինական սուզանավի որոնմանը


Շարունակվում են որոնողական աշխատանքներն արգենտինական «Սան Խուան» սուզանավի հայտնաբերման ուղղությամբ, որը դադարել էր կապի դուրս գալ նոյեմբերի 15-ից: Արգենտինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները նշում են, որ իրենց հաշվարկներով անհետացած սուզանավի թթվածնի պաշարները մոտենում են ավարտին: Այնտեղ են գտնվում անձնակազմի 44 անդամներ:

Հայտնի է, որ նախքան անհետացումը սուզանավի անձնակազմը հաղորդել էր սուզանավում ի հայտ եկած խնդիրների մասին՝ կապված էլեկտրական սարքերի հետ: Սուզանավի վերջին հայտնի վայրը Պատագոնիայի ափամերձ շրջաններն են: Վերջին տեղեկությունների համաձայն այնտեղ գրանցվել էր պայթյուն:

Անհետացած սուզանավի հարազատները ժամանել են Մար դել-Պլատու նավահանգիստը, ուր ուղևորվում էր սուզանավը՝ փորձելով նոր տեղեկություններ ստանալ որոնողական աշխատանքների ընթացքի մասին:

«Խնդիրն այն է, որ պաշտոնական տեղեկությունը միշտ գրեթե նույնն է: Նրանք երբեք չեն հայտնաբերում այն, ինչ փնտրում են: Հայտնաբերված որոշ մասեր հետագայում պարզվեց, որ անհետացած սուզանավինը չեն: Մեր կասկածները գնալով աճում են, չգիտենք ինչ անել»,-ասում է անձնակազմի անդամ Գերման Սուարեսի քույր Էլիանորա Սուարեսը:

Վատ եղանակային պայմանները վերջին օրերին խոչընդոտել են որոնողական աշխատանքները: Այս պահին եղանակային պայմանները որոշակիորեն բարելավվել են՝ հնարավորություն ստեղծելով աշխուժացնելու որոնումները, որոնց մասնակցում են շատ երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, Չիլին, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կոլումբիան, Պերուն, Հարավային Աֆրիկան և Ուրուգվայը: Որոնողական աշխատանքներին է միացել նաև Ռուսաստանը:

Արգենտինական «Սան Խուան» սուզանավն արտադրվել է Գերմանիայում 1983 թվականին: Նրա երկարությունն է 66 մետր: Սուզանավի տեղաշարժման ամենամեծ արագությունը կազմում է ժամում 45 կիլոմետր: Այն կարող է անընդմեջ գտնվել ջրի տակ մոտ մեկ շաբաթ: Սովորաբար սուզանավը կապի էր դուրս գալիս խաղաղ պայմաններում օրը երկու անգամ:

XS
SM
MD
LG