Մատչելի հղումներ

Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ ազատազրկման


Հաագայի պատերազմի հանցագործությունների հարցերով միջազգային դատարանը բոսնիացի սերբերի բանակի հրամանատար Ռատկո Մլադիչին չորեքշաբթի օրը մեղավոր ճանաչեց նախկին Հարավսլավիայի հակամարտության ընթացքում մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ: Մլադիչը հայտնի էր «Բոսնիայի դահիճ» մականվամբ, և վերջին ռազմական գործիչն է, ում միջազգային դատարանը մեղադրանքներ էր ներկայացրել նախկին Հարավսլավիայի հակամարտության առնչությամբ: Դատարանը հիմնվել էր Բոսնիայի 1992-1995 թվականների պատերազմի օրերին կատարված ռազմական հանցագործությունների ուսումնասիրման համար:

Մլադիչի գործի դատաքննությունը սկսվել է 2012 թվականին: Նրան 11 մեղադրանքներ են առաջադրվել ցեղասպանության իրականացման, մարդկության դեմ կատարած հանցագործությունների և Սարաևո քաղաքի քաղաքացիական ազգաբնակչության դեմ դիպուկահարներ օգտագործելու կապակցությամբ: Բացի այդ, նրան մեղադրում են 1995 թվականին Սերեբրինիցայում 8 հազար մահմեդական տղամարդկանց և երեխաների սպանույթան մեջ, որը Երկրորդ աշխարհամարտից ի վեր Եվրոպայում ամենաշատ զոհեր գրանցած սպանդն է:

«Մենք իհարկե ինչ-որ չափով բավարարված ենք դատավճռով, սակայն ոչինչ չի կարող հետ բերել մեր սպանված երեխաներին ու մյուս քաղաքացիներին»,- ասում է Սարաևոյի բնակիչներից մեկը:

«Դատավճռի կայացումը անհրաժեշտ է ապագա սերունդներին, որոնք կիմանան, որ որևէ հանցագործություն չի մնում անպատիժ: Մենք միասին պետք է ապրենք, սակայն որևէ հաշտեցում չի լինի, եթե չպատժվեն հանցագործություններ իրականացնողները ու չհաստատվի արդարությունը»,- ասում է Սարաևոյի մեկ այլ բնակիչ:

Մլադիչին մեղավոր են ճանաչել 10 դրվագների կապակցությամբ և դատապարտել ցմահ ազատազրկման: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ դատավճիռը ցույց է տալիս, որ հաղթեց օրենքի գերակայությունը, որը պատասխանատվության ենթարկեց ռազմական հանցագործություններ իրականացնողներին: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ջանքեր է գործադրել՝ Եվրոպայի պատմության այս մութ էջերը փակելու ուղղությամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG