Մատչելի հղումներ

Վաշինգտոնը ուժեղացնում է ճնշումը Փհենյանի նկատմամբ


Հյուսիսային Կորեան ընդգրկված է եղել ահաբեկչությանը հովանավորող պետությունների ամերիկյան ցուցակում մինչև 2008 թվականը, երբ նախագահ Բուշն այն դուրս բերեց ցուցակից՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ջանքերի շրջանակում: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդ ջանքերը համարում է տապալված՝ ընդգծելով, որ վարչակարգը օգտագործել է քիմիական զինատեսակներ և դիմել այնպիսի գործողությունների, ինչպես Կիմ Ջոնգ Ունի եղբոր սպանությունը, որոնք վտանգ են ներկայացնում հանրությանը:

Օրերս կայացած ԱՄՆ-ի կառավարության նիստի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը հիշատակել է ամերիկացի ուսանողի հետ կապված ողբերգական դեպքը, երբ վերջինս վերադարձվել էր Փհենյանի կողմից ամերիկյան իշխանություններին անգիտակից վիճակում և մահացել դրանից 6 օր անց:

«Այսօր մենք դիմում ենք համապատասխան գործողությունների և հիշում Օտո Ուորմբիերիին, այն չքնաղ երիտասարդին, ով զոհ դարձավ Հյուսիսային Կորեայի դաժան բռնաճնշումներին»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Թիլերսոնն իր հերթին ընդգծել է, որ ահաբեկչությանը հովանավորող պետության կարգավիճակը կխոչընդոտի այլ երկրների շփումները Հյուսիսային Կորեայի հետ, և շատ երկրներ արդեն միացել են վարչակարգի դեմ պայքարին:

«Երբ այցելել էինք Վիետնամ, տեղի իշխանությունները խոստացել են սահմանափակել իրենց կապը Հյուսիսային Կորեայի հետ: Մալայզիան ևս ակնարկել է դրա մասին, իսկ Սինգապուրն ու Ֆիլիպինները դադարեցրել են առևտուրը Հյուսիսային Կորեայի հետ: Վերջերս փոխպետքարտուղարն այցելել էր Աֆրիկա և հանդիպել Սուդանի կառավարության հետ, որը ավանդաբար զենք է գնում Հյուսիսային Կորեայից: Այժմ նրանք ևս համաձայնել են այլևս զենք չգնել Փհենյանից»,- ասել է պետքարտուղարը:

Թիլերսոնը վստահ չէ, թե արդյոք Չինաստանը դադարեցրել է նավթամթերքի վաճառքը վարչակարգին, սակայն, ըստ նրա, Հյուսիսային Կորեայում առաջացած մեծ հերթերը բենզինի համար նախանշան են, որ երկրում առկա է նավթամթերքի ճգնաժամ:

Ըստ Թիլերսոնի, ԱՄՆ-ն աշխատանք է տանում՝ Փհենյանին ստիպելու փոխել իր ընտրած ուղեգիծը և տնտեսապես մեկուսացած չմնալ միջազգային հանրությունից:

Facebook Forum

XS
SM
MD
LG