Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը տապալել են Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ մեկը մյուսի ներկայացրած բանաձևերը


Ռուսաստանը արգելափակել է ԱՄՆ-ի առաջ քաշած բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում՝ կապված Սիրիայում միջազգային հետաքննություն իրականացնող խմբի լիազորությունների երկարացման մասին:

Մի քանի ժամ անց Անվտանգության խորհուրդը մերժեց նաև Ռուսաստանի առաջ քաշած բանաձևի նախագիծը, որը չհավաքեց անհրաժեշտ առնվազն 9 ձայները: Այն առաջարկում էր փոփոխություններ մտցնել միասնական մեխանիզմի լիազորություններում, որին դեմ էր Միացյալ Նահանգները:

«Ռուսաստանը սպանեց Միասնական հետաքննչական մեխանիզմը, որն ուներ Անվտանգության խորհրդի լիակատար աջակցությունը: Վերացնելով հարձակումն իրականացնողների բացահայտման հնարավորությունը՝ այն թույլ չտվեց հնարավորություն ստեղծել ապագա նոր հարձակումների կանխարգելման համար»,- ասել է դեսպան Նիքի Հեյլին:

ՄԱԿ-ի հետաքննողները մեղադրում են Սիրիայի ռազմական իշխանություններին թունավոր գազի օգտագործման մեջ՝ նշելով, որ ընդդիմադիր զինյալները չեն ունեցել որևէ հնարավորություն կամ կարողություն՝ այն կիրառելու:

Սիրիական իշխանությունները պնդում են, որ այդ հարձակումները իրականացրել են ահաբեկիչները: Ասադի կողմնակիցները ընդդիմադիր զինյալներին չեն տարանջատում ահաբեկիչներից:

Մեծ Բրիտանիան ևս քննադատել է Ռուսաստանի գործողությունները՝ ընդգծելով, որ ռուսական կողմը, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, չի կատարում Քիմիական զենքի մասին կոնվենցիայի դրույթները և խոչընդոտում է Սիրիայում խաղաղության հաստատումը:

Ռուսաստանն իր հերթին ամերիկյան բանաձևը կոչել է «անհավասարակշված» և քննադատել ամերիկյան կողմին Միասնական մեխանիզմի տապալման մեջ:

Միասնական հետաքննող մեխանիզմն իր աշխատանքներն է սկսել ավելի քան երկու տարի առաջ, երբ Սիրիայում տեղի ունեցան քիմիական զենքի կիրառմամբ մի շարք հարձակումներ քաղաքացիական ազգաբնակչության դեմ, որոնց արդյունքում եղան շատ զոհեր և վիրավորներ:

Ռուսաստանը աջակցություն էր հայտնել այս միջադեպերի հետաքննությանը, սակայն քննադատել է Միասնական մեխանիզմի հրապարակած զեկույցը, որը Ասադի իշխանությանը մեղադրել էր քիմիական զենքի կիրառման մեջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG