Մատչելի հղումներ

Իրանում երկրաշարժի պատճառով զոհերի թիվը հասել է 5ՕՕ-ի


Իրանի իշխանությունները շարունակում են օժանդակություն ցուցաբերել իրան-իրաքյան սահմանին օրերս ավելի քան 7 բալանոց երկրաշարժից տուժածներին: Երկրաշարժը խլել է ավելի քան 500 մարդու կյանք, ավերել հազարավոր տներ:

Այն զգացվել է իրանյան առնվազն 14 շրջաններում: Աղետի գոտի է այցելել նախագահ Հասան Ռոհանին, ով խոստացել է, որ տուժածներին կցուցաբերվի անհապաղ օգնություն:

«Ցանկանում եմ հավաստիացնել բոլոր տուժածներին, որ կառավարությունը կօգտագործի իր բոլոր միջոցները կարճ ժամկետներում բոլոր խնդիրները կարգավորելու համար»,- հայտարարել է նախագահը:

Երկրաշարժից ամենաշատը տուժել է Սարփոլ Էզեհաբ քաղաքը: Քաղաքում իրականացվում են փրկարար աշխատանքներ՝ մարդկանց փլատակներից դուրս բերելու համար:

«Ես կորցրել եմ երեք հարազատ: Ընտանիքիս մեկ անդամը վիրավորվել է, երեքը՝ զոհվել՝ որդիս, նրա կինը և թոռնիկս»,- ասում է ֆերմեր Սոուֆլ Ալբասելը:

Իրաքում զոհերի թիվը անհամեմատ ցածր է: Այստեղ գրանցվել է 7 զոհ: Քրդստանի Դարբանդիխան քաղաքն ամենամեծաթիվ տուժածների թվում է: Քաղաք են այցելել շրջանային իշխանությունների ներկայացուցիչներ:

«Ամենուրեք քաոս էր: Սեղաններն ու սպասքը շուր էին եկել, դրսում տիրում էր խուճապ: Դա տևեց որոշ ժամանակ: Սա առաջին անգամ էր, որ ականատես եղա նման իրավիճակի: Ես շոկի մեջ էի: Մենք նայում էինք դրսից շենքի վրա, որը շարժվում էր»,- ասել է տեղի բնակիչ Բարզան Սադիքը:

Երկու երկրների իշխանությունները նշում են, որ համագործակցում են էլեկտրոնային և հեռախոսային գծերի վերականգման ուղղությամբ, ինչպես նաև ճանապարհների վերանորոգման հարցում՝ օգնությունը ժամանակին հասցնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG