Մատչելի հղումներ

Եվրոպական պաշտպանական նոր համակարգի առավելությունները


Եվրոպական միության անդամ 23 երկրներ ստորագրել են պաշտպանության բնագավառում ավելի սերտ համագործակցելու մասին պատմական մեծ նշանակություն ունեցող մի համաձայնագիր։ Մշտական կառուցվածքային համագործակցություն անվանումը կրող համաձայնագիրը այն ստորագրած կողմերին պարտավորեցնում է մասնակցել պաշտպանական համատեղ նախագծերին ու հարգել պաշտպանության բնագավառում ծախսումներն ավելացնելու որոշումները։

Համաձայնագիրը նախատեսում է գնել 5 միլիարդ 8ՕՕ միլիոն դոլարի զենք։ Մեծ գումարներ են նախատեսված նաեւ հետազոտական աշխատանքների համար։

Ռուսաստանի կողմից Ղրիմում իրականացված ներխուժումից հետո եվրոպական առաջնորդները եկան եզրակացության, որ հարկավոր է միմյանց միջեւ հաստատել պաշտպանական ավելի սերտ կապեր։
Ինչպես Եվրոպական բարեփոխումների կենտրոնի վերլուծաբաններից Սոֆիա Բեշն է ասում, ՝՝Այժմ եվրոպացիների առջեւ բացվել են հնարավորություններ, որտեղ առաջնորդի դեր են ստանձնել Գերմանիան ու Ֆրանսիան՛՛։

Իսկ այս ամենն առաջ է եկել քաղաքական զարգացումների արդյունքում։ Դրանցից մեկը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության փաստն էր։ Հիշեցնենք, որ նա իր ընտրարշավի ընթացքում ՆԱՏՕ-ն մի քանի անգամ էր անվանել ՝՝հնացած՛՛։ Չնայած այն հանգամանքին, որ նա այժմ աջակցություն է հայտնում Հյուսիսատլանտյան դաշինքին, Բրյուսելում կասկածամտությունը խորն արմատներ է նետել։ Եվ Եվրոպան տատանվում է, արդյոք կարելի է վստահել ԱՄՆ-ին, թե ոչ։
՝՝Եվրոպայում այն մտավախությունն ունեն, որ Ամերիկան կարող է մի օր չպաշտպանել իրենց, եւ իրե՛նք պիտի հզորացնեն իրենց պաշտպանական համակարգերը՛՛, ասում է նա։

՝՝Բայց մյուս կողմից առկա է Բրեքզիթը՝ Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի հեռանալու գործընթացը։ Երկիր, որը միշտ է դեմ եղել Եվրոպական միության մակարդակով եվրոպական երկրների պաշտպանական համակարգերի ինտեգրմանը՛՛, ասում է վերլուծաբանը։

Բայց ահա Մեծ Բրիտանիան, որը պատրաստվում է Եվրոպական միությունից դուրս գալ 2Օ19 թվականին, իր աջակցությունն է հայտնել նոր համաձայնագրին։ Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը։

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չի տեսնում որեւէ վտանգ ՆԱՏՕ-ից զատ եվրոպական պաշտպանական մեկ այլ համակարգ ստեղծելու մեջ, սակայն առաջնային է համարում, որ Եվրոպան պաշտպանական համակարգին հատկացնի ավելի մեծ բյուջե։


Վերլուծաբաններն ասում են, թե Մեծ Բրիտանիան այժմ ունի այն մտավախությունը, որ կարող է հայտնվել ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության միջեւ սեղմված։ Ըստ նոր կնքված Մշտական կառուցվածքային համագործակցություն անվանումը կրող համաձայնագրի, Մեծ Բրիտանիան կարող է միանալ Եվրոպական միության նախագծերին, սակայն միայն ֆինանսական մեծ հատկացումներ կատարելու դեպքում։

Facebook Forum

XS
SM
MD
LG