Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում անցկացվեցին բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Թրամփի, որի ընթացքում նաև եղան բախումներ ոստիկանության հետ: Ի նշան բողոքի, ցույցի մասնակիցներն այրեցին Թրամփի պատկերները:
«Մենք համուզված ենք, որ հանդիպումը որևէ օգուտ չի բերի Ֆիլիպինների ժողովրդին: Իրականում այն է՛լ ավելի կվատթարացնի մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը»,- ասում է Նոր հայրենասիրական դաշինք կազմակերպության ներկայացուցիչ Ռենատո Ռեեսը:
Գագաթաժողովի ընթացքում նախագահ Թրամփը խուսափեց բարձրաձայնել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ փոխարենը շեշտը դնելով տարածաշրջանային համագործակցության վրա:
«Մենք ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանային գործընկերները լինեն ուժեղ, անկախ, բարգավաճող, չենթարկվեն որևէ մեկի և իրենք վերահսկեն իրենց ապագան: Սա է ընկած մեր ազատ և թափանցիկ Հնդկա-խաղաղօվկիանոսային տարածաշրջանի տեսլականում»,- հայտարարել է Թրամփը:
Մամուլի մի շարք հակասական հրապարակումների համաձայն, մարդու իրավունքների խնդիրները շոշափվել են նախագահ Թրամփի և Ֆիլիպինների նրա պաշտոնակցի հանդիպման ընթացքում՝ կապված թմրամիջոցների դեմ նախագահ Դյութերթեի վարած պայքարի հետ, որը ուղղորդվում է սպանություններով և բռնությամբ: Իրավապաշտպանների մի շարք խմբեր Դյութերթեի վարած պայքարը որակել են մարդկության դեմ իրագործված հանցագործություն:
Սպիտակ տունն արձագանքել է՝ նշելով, որ Դյութերթեի հակաթմրամիջոցային պայքարի վերաբերյալ նախագահներն ունեցել են կարճատև զրույց, սակայն Ֆիլիպինների նախագահի խոսնակը նշում է հակառակը:
«Հանդիպմանը չեն քննարկվել մարդու իրավունքների հետ կապված հարցեր: Որևէ հիշատակում չի եղել սպանությունների վերաբերյալ, ընդամենը կարճատև քննարկում էր Ֆիլիպինների թմրամիջոցների դեմ վարած պայքարի շուրջ, որի ընթացքում նախագահ Դյութերթեն ներկայացրել էր իրավիճակը»,- հայտնել է Ֆիլիպինի նախագահի խոսնակ Հարի Ռոքյուն:
Նախագահ Թրամփը քննադատության է ենթարկվել նաև սոցիալական ցանցերում, ներառյալ իր կուսակիցների կողմից՝ մարդու իրավունքների խախտումների մասին չբարձրաձայնելու համար: Սենատոր Ջոն Մաքքեյնն իր թվիթերյան էջում հիասթափություն է հայտնել այս փաստի կապակցությամբ:
«Մարդու իրավունքների խախտման մասին չխոսելը խրախուսում է բռնակալ առաջնորդներին: Վիետնամի և Կամբոջիայի նման իշխանությունները տեսնում են համաշխարհային հանրության անտարբերությունն այս հարցի վերաբերյալ, որը խրախուսում է նրանց լինել է՛լ ավելի ագրեսիվ»,- ասում է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Ջոն Սիֆթոնը:
Նախագահ Թրամփի 12-օրյա այցելությունն ասիական մայրցամաք որոշակի հույսեր արթնացրեց Հյուսիսային Կորեայի և առևտրային հարաբերությունների հետ կապված հարցերում, սակայն մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները մնացին անտեսված, ինչը կարող է նրա վարած քաղաքականության քննադատության առիթ դառնալ իրավապաշտպանների կողմից:
Facebook Forum