Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում հանրապետականներն առերեսվում են նոր սկանդալների հետ


ԱՄՆ-ի Սենատի հանրապետական թեկնածու Ռոյ Մուրը հայտնի է իր ծայրահեղ պահպանողական հայացքներով, հատկապես սեռական բնույթի հարցերում:

«Անբարոյականությունը, աբորտները, սոդոմիան ողողել են մեր երկիրը»,- ասում էր Մուրը:

Սակայն վերջերս մի քանի կանայք մեղադրեցին հանրապետական թեկնածուին սեռական ոտնձգությունների մեջ, որոնք տեղի էին ունեցել մի քանի տասնամյակ առաջ, երբ նրանք անչափահաս էին, իսկ Մուրն՝ իր կյանքի երրորդ տասնամյակում: Այս տեղեկությունը ցնցեց հանրապետականների ճամբարը:

Քաղաքական մեծամասնությունն այս պահին ամեն ջանք է գործադրում՝ հարկային բարեփոխումների իր առաջ քաշած փաթեթն ընդունելու ուղղությամբ: Այս զարգացումները կարող են զգալիորեն վնասել հանրապետականների ջանքերը:

«Եթե այս տեղեկություններում անգամ մասամբ առկա է ճշմարտություն, Մուրը պետք է անմիջապես հեռանա»,- նշում է սենատոր Ֆլեյքը:

Ռոյ Մուրը երկու անգամ զբաղեցրել է Ալաբամա նահանգի գլխավոր դատավորի պաշտոնը և երկու անգամ էլ հեռացվել է պաշտոնից. առաջին անգամ , երբ հրաժարվեց պետական մի շենքից հեռացնել «Տասը պատվիրաններ» արձանը երկրորդ անգամ՝, երբ հրաժարվեց ճանաչել միասեռականների ամուսնությունն օրինականացնելու մասին օրենքը։

Եվ այս վերջին սեռական բնույթի սկանդալները մեծ հարված են Մուրի քարոզարշավին:

«Ես երբեք մեղավոր չեմ ճանաչվել որևէ մեկի նկատմամբ սեռական ոտնձգության համար: Նման մեղադրանքների առաջքաշումը ընտրություններից առաջ անհավատալի է»,- հայտարարել է Մուրը:

Նախագահ Թրամփի թիմը սակայն չի թողել Մուրին միայնակ՝ նշելով, որ չափազանց վտանգավոր է մարդուն որակել մեղավոր՝ հենվելով միայն մամուլի հաղորդման վրա:

Սակայն հանրապետական օրենսդիրները պառակտված են՝ Մուրին աջակցելու հարցում: Խնդրի մասին խոսել է նաև Մուրի դեմոկրատ մրցակիցը:

«Սա նրա խնդիրն է, և կարծում եմ նա պետք է պատասխանի հարցերին: Ալաբամայի ժողովուրդը պետք է ստանա պատասխաններ»,- ասել է դեմոկրատ Դոգ Ջոնսը

Այս պահին Սենատում հանրապետականներն ունեն ընդամենը երկու ձայնի առավելություն դեմոկրատների նկատմամբ: Ալաբամայի հաղթանակը կարող է հավասարեցնել ձայներն ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատում:

Հանրապետականներն այս պահին դժվար կացության մեջ են: Ալաբամա նահանգում սենատորի աթոռի համար պայքարում թե՛ պարտությունը և թե՛ հաղթանակը խնդրահարույց է քաղաքական մեծամասնության համար, քանի որ Մուրի թեկնածությունը միանշանակ չի ընկալվում հանրապետական բոլոր օրենսդիրների կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG