Մատչելի հղումներ

The New York Times-ի նոր սկանդալային հրապարակումը անդրադառնում է ամերիկացի հայտնի stand-up comedy ժանրի կատակերգու Louis C.K.-ի դեմ ներկայացված 5 կանանց սեռական ոտնձգությունների մասին վկայություններին:

Վերջին ամիսներին հանրության ուշադրության կենտրոնում հայտնված հոլիվուդյան հայտնի մեդիա մագնատ, պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի և օսկարակիր դերասան Քևին Սփեյսիի տասնամյակների ընթացքում իրականացրած սեռական ոտնձգությունների մասին սկանդալային պատմություննրը ջրի երես են հանում նոր հայտնիների անուններ:

Նախօրեին The New York Times-ում հրապարակված աղմկահարույց հոդվածից հետո, stand-up comedy ժանրի ամերիկացի կատակերգու Louis C.K.-ը, ով հայտնի է իր սուր ու աննրբանկատ հումորով, հայտնվել է առնվազն 5 կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու նոր մեղադրանքների թիրախում:

Louis C.K.-ը, ով իր երգիծական ելույթներում առանց ինքնավերահսկման հաճախ անդրադառնում է ռասայական, մշակութային և սեռական բնույթի զգայուն թեմաների և, ով ըստ բազմաթիվ քննադատների՝ հաճախ անցնում է կոռեկտության սամանները, արդեն հաստատել է իրեն ներկայացված մեղադրանքներն ու ներողություն է խնդրել բոլորից, ում ցավ է պատճառել:

Նշենք, որ The New York Times-ի հոդվածում տեղ գտած 5 կանանց վկայությունները մանրամասնորեն նկարագրում են, թե ինչպես է կատակերգուն օգտվելով իր ունեցած հասարակական դիրքից և իրավիճակից՝ նշված կանանց առջև զբաղվել ձեռնաշարժությամբ՝ անտեսելով նրանց ցանկությունը:

Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչու՞ են այս և մյուս հանրային հնչեղություն ստացած՝ 1-ից 3 տասնամյակի վաղեմության սեռական ոտնձգությունների մասին պատմությունները բացահայտվում հիմա: Ինչու՞ էին այս կանայք և տղամարդիկ լռում առայսօր:

Ոմանք էլ փորձում են խնդիրը դիտարկել ավելի լայն, հասարակական և մշակութային համատեքստում՝ հարցականի տակ դնելով, թե ինչ է փոխվել 1960-ական թվականների սեքսուալ հեղափոխության, խոսքի ազատության, քաղաքական ակտիվիզմի, քաղաքացիական իրավունքների և կանանց շարժման պայքարից հետո առաջադեմ ամերիկյան հասարակությունում մի քանի տասնամյակ անց:

Մինչ սոցիալական ցանցերում որոշ մարդիկ արտահայտում են իրենց կարծիքներն ու վրդովմունքը հայտնիների կողմից իրականացված սեռական բռնությունների շուրջ, բազմակարծիք և բազմազան ամերիկյան հասարակության մեջ այս բացահայտումները ներկայումս առիթ են հանդիսանում ավելի խորքային հանրային քաննարկումների համար:

XS
SM
MD
LG