Նյու Ջերսիի նորընտիր նահանգապետ, դեմոկրատ Ֆիլ Մերֆին ընտրություններին իր հաղթանակը դիտարկում է որպես ազդակ նախագահ Թրամփին:
«Այսօր Նյու Ջերսին ամբողջ ազգին փոխանցեց միանշանակ ուղերձ: Մենք ավելի լավն ենք, քան այս ամենն ինչ կատարվում է»,- ասել է Մերֆին:
Նույն մոտեցումն ունի նաև Վիրջինիայի նորընտիր դեմոկրատ նահանգապետը: Նահանգում քարոզարշավի ժամանակ դեմոկրատ և հանրապետական թեկնածուները հաճախ անդրադառնում էին Թրամփի քաղաքականությանը, հատկապես ներգաղթի վերաբերյալ:
«Պառակտված, ատելությամբ լցված, անհանդուրժողական այս իրավիճակը բնորոշ չէ Միացյալ Նահանգներին և Վիրջինիա նահանգին, որոնց սովոր են մեր մարդիկ»,- ասել է Վիրջինիայի նորընտիր նահանգապետ Ռալֆ Նորթրամը:
Վերլուծաբանները նշում են, որ երկու նահանգում էլ դեմոկրատներն ակտիվորեն անդրադառնում էին Թրամփի քաղաքականությանը: Հարցումները ցույց են տալիս, որ Թրամփի գործոնը եղել է որոշիչ ընտրություններին դեմոկրատ ընտրողների համար: Այս իրավիճակը կարող է խնդրահարույց դառնալ հաջորդ տարվա ընտրություններին հանրապետական կուսակցության համար:
«Կարծում եմ հանրապետականների համար մտահոգիչն այն է, որ դեմոկրատները շատ աշխույժ են և կարծես թե ավելի արագ են մոբիլիզացվում հատկապես վիճելի նահանգներում»,- ասում է Ռիչարդ Հարիսը Ռաթջերս համալսարանից:
Ըստ վերլուծաբանների, դեմոկրատների այս հաղթանակները կստիպի հանրապետականներին ավելի շատ ջանքեր գործադրել հարկային բարեփոխումների փաթեթն անցկացնելու ուղղությամբ՝ հաջորդ տարվա ընտրություններին իրենց ընտրողներին որոշ հաջողություններ ներկայացնելու նպատակով:
Այս հաղթանակները համընկնում են նախագահ Թրամփի նախագահության մեկ տարվա հետ, որը կարող է հստակ ազդակ հանդիսանալ նրա վարած քաղաքականության վերաբերյալ: Նրա վստահության վարկանիշը շարունակում է մնալ 40 տոկոսից ցածր, որը չափազանց ցածր է մեկ տարվա նախագահի համար:
Facebook Forum